Հարավային Աֆրիկայի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ «սարսափած է» Աֆրիկյան միության (ԱՄ) հանձնաժողովի՝ Իսրայելին դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու մասին անցյալ շաբաթ կայացրած որոշումից՝ հաղորդում է Al Jazeera-ն:
Այսօր հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ՀԱՀ կառավարությունը քայլն «անարդար և անհիմն» է որակել, քանի որ այն արվել է «միակողմանի, առանց անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու»:
Իսրայելը ԱՄ-ի դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել ուրբաթ՝ 20 տարվա դիվանագիտական ջանքերից հետո: Իսրայելի արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ նոր կարգավիճակը կարող է հնարավորություն տալ Իսրայելին և ԱՄ-ին սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում, ներառյալ Աֆրիկյան մայրցամաքում կորոնավիրուսի դեմ պայքարն ու «ահաբեկչության տարածման» կանխարգելումը:
Հաղորդվում է, որ Հարավային Աֆրիկան դիմելու է ԱՄ հանձնաժողովի նախագահին՝ անդամ երկրներին որոշման մասին ամփոփ ներկայացնելու խնդրանքով: ՀԱՀ-ը հույս ունի, որ խնդիրը կքննարկվի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: