Էկվադորը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքացիությունը՝ նշելով բազմաթիվ անկանոնությունների և սխալների մասին՝ հայտնում է DW-ն:
Երկրի արդարադատության համակարգը պաշտոնապես ծանուցել է ներկայումս բրիտանական բանտում գտնվող Ասանժին: Էկվադորյան իշխանությունները հայտնում են Ասանժի դիմումի հետ կապված բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ անհամապատասխանությունների, տարբեր ստորագրությունների առկայության և չվճարված հարկերի մասին:
Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդան Associated Press-ին հայտնել է, որ որոշումը բողոքարկվելու է, քանզի ընդունվել է առանց պատշաճ ընթացակարգի, և Ասանժը զրկված է եղել դատական լսումներին մասնակցելու իրավունքից: «Ազգության կարևորությունից զատ՝ խնդիրը վերաբերում է իրավունքների հարգմանն ու քաղաքացիությունից զրկելու պատշաճ ընթացակարգին»,- նշել է Պովեդան:
Ասանժը գրեթե 7 տարի է անցկացրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա քաղաքական ապաստան էր հայցել 2012-ին՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում էին ոտնձգությունների համար:
2019 թ. ապրիլի 11-ին Էկվադորի իշխանությունները Ասանժին զրկեցին ապաստանից: Այժմ WikiLeaks-ի հիմնադիրը գտնվում է լոնդոնյան բանտում՝ սպասելով ԱՄՆ արտահանձնման հարցի հետ կապված վերջնական որոշմանը: