Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Իմ տեղեկություններով՝ այսօր առավոտյան 9:30-ին Արմեն Դանիելյանը հրապարակել է մեր ներկայացրած բողոքը մերժելու մասին որոշումը: Օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո համապատասխան բողոք կներկայացնենք նաև Վճռաբեկ դատարան: Հետո արդեն պարզ կդառնա՝ Եվրոպական դատարան գանգատ պատրաստելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց Վարոսյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ խարդախության, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար: