Խիճ-ավազով բեռնված բեռնատար՝ առանց ծածկի. այս տեսքով երթևեկելն արգելվում է:
Հովհաննես Հասրաթյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական) - Բեռնատարները երբ որ տեղափոխում են ցեմենտ, գաջ, սորուն նյութեր, պարտավոր են ծածկել ծածկոցներով, որպեսզի բացառվի նման նյութերի արտանետումը մթնոլորտ:
Փոշու արտանետումները նվազեցնելու, կանխարգելելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ ուժեղացված ծառայություն է սկսել մայրաքաղաքում՝ հետևելու՝ ինչպես է իրականացվում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը:
Արսեն Խաչատրյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչ) - Կոնկրետ դեպքում արձանագրվեց որ վարորդը «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխում էր սորուն նյութ, մասնավորապես՝ խիճ՝ առանց ծածկի, որը իրանից ներկայացնում է վարչական տուգանք քաղաքացու նկատմամբ 50.000 դրամի չափով:
Որ գրպանից փող չգնա, տեսչական մարմինը հորդորում է հետևել բնապահպանական կանոններին, բեռնատարով առանց ծածկոցի փողոց դուրս չգալ: Օրվա ընթացքում 11 նման խախտում են արձանագրել:
Հովհաննես Հասրաթյան - Դեպքերը ավելի շատ են, պարզապես մեր հնարավորության սահմանում այդքանն ենք արձանագրել, հորդորում ենք չկրկնեն, իրենց տնօրինությանը տեղյակ պահեն:
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է, ստուգումները շարունակվում են, ուշադրության կենտրոնում նաև շինհրապարակներն են: