Մոդելներից մեկը փորձարկում են առնետների վրա՝ մեկն առողջ, մյուսը՝ աուտիկ: Ախտաբանական առնետի մորը հղիության փուլում ներարկել են հատուկ դեղ՝ հասկանալու համար ձագի հետագա զարգացումը: Ծնվելուց մեկ շաբաթ անց թեստավորումով պարզել են՝ ինքնամփոփ է, անսովոր վարքագծով:
Նեյրոգիտության լաբորատորիան երկար տարիներ աշխատում է ուղեղային խնդիրների ուսումնասիրմամբ: Խորքային հետազոտությունների համար դիմել և շահել են դրամաշնորհ՝ գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդման ծրագրի շրջանակում: Այն ներկայացնում է նեյրոգենեզի կենսակայունության դերն ուղեղի առողջ ծերացման գործում: Խոսքը ուղեղում նոր բջիջների առաջացման մասին է:
Հետազոտական աշխատանքի թիրախը նեյրոգենեզն է՝ սկսած ներարգանդային շրջանից մինչև հասուն շրջան՝ նպատակ ունենալով մշակել նախակլինիկական պատկերացում՝ ուղեղի առողջ ծերացման մասին: Օրինակ, աուտիզմի դեպքում, սաղմնային փուլում ուղեղում նոր առաջացող բջիջներն ինչպես են զարգանում:
Հետազոտության մյուս թիրախը կաթվածն է, ավելի կոնկրետ՝ վերականգնումը կաթվածից հետո: Այդ փուլում խանգարվում է նեյրոգենեզը: Խնդիր է դրված հասկանալ՝ կաթվածից հետո վերականգնումը կարո՞ղ է լինել արդեն հասունացած բջիջների շնորհիվ և նոր բջիջներ առաջացնել:
Խնդիրները շղթայական են և պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է հետաձգել ուղեղի ծերացումը, օրինակ, վատ հիշողություն չառաջանա ավելի վաղ տարիքում: Բոլոր զարգացումներն ու փոփոխությունները հետազոտում են կենդանիների վրա: Նպատակն է՝ գիտական հետազոտությունները բերել նոր մակարդակի և տարածաշրջանում լինել եզակի կենտրոն:
Որոշ փուլեր անցնելով՝ պետք է պարզել, թե ներարգանդային շրջանում ինչն է խաթարում նեյրոնային բջիջների զարգացմանը: Տվյալների հավաքագրման փուլում ֆիքսում են անգամ առնետների ձայնը, դա ճիշտ այնպիսին է, ինչպես, օրինակ, աուտիզմ ունեցող երեխայի ոչ սովորական ձայնը:
Մեկ տարվա աշխատանքից հետո արդեն ունեն հավաքագրված տվյալներ՝ նյարդի աճի գործոններն ուղեղում լուրջ դերակատարում ունեն բջիջների պահպանման տեսանկյունից: Կլինիկական փորձարկումների համար դեռ վաղ է, դեռ մի քանի ուսումնասիրման ուղղություններ կան: Դրանից հետո կարող են առաջարկել ավելի հստակ թեզեր՝ նեյրոգենեզի կենսակայունության դերի մասին ուղեղի առողջ ծերացման գործում: