Արտյոմ Ներսիսյան (այգու աշխատակից) - Մենք հեռախոսով ստեղից կառավարում ենք ոռոգման ընթացքը, որ դաշտը ուզում ենք՝ էն դաշտի վրա ջուրը բացում ենք։
Նշի մշակությամբ զբաղվող Արտյոմն ասում է՝ նախկինում 40 հեկտարը 9 օրում էին ջրում։ Անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման այս ծրագիրը՝ գործն անհամեմատ հեշտացել է, արդյունավետությունն էլ՝ բարձրացել։
Արտյոմ Ներսիսյան - Ծրագիրը քաշել ենք հեռախոսի մեջ, ինտերնետ կապով օգտագործում ենք կաթիլային սիստեմը, դրանով հեշտացել ա մեր գործը:
Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը հնարավորություն է տալիս լուծելու ոռոգման ջրի արդյունավետ կառավարման խնդիրը։ 2019-ին IT ոլորտի առաջատար մի քանի մասնագետներ որոշեցին ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարել այգու ոռոգման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը։
Սերգեյ Բարխուդարյան (Revalcon ընկերության համահիմնադիր) - Ոռոգման ջրի հետ կապված, գիտենք բոլորս, մեծ պրոբլեմներ կան, ջրի ճիշտ օգտագործման, խնայողության, մենեջմենթի խնդիր կա։ Փորձեցինք տեխնիկապես լուծել այդ խնդիրը, թե ինչ գործիքակազմ, ինչ տեխնիկական և նորարարական լուծումներ կարելի է ներդնել՝ ինտենսիվ գյուղատնտեսությունը կառավարելու համար։
Համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել ոռոգման ամբողջ գործընթացը բջջային և վեբ հավելվածների միջոցով։ Այն վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկատվություն է հավաքում դաշտերից եղանակային պայմանների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս կազմել ոռոգման ճիշտ ժամանակացույց։
Գրիգորի Քարտաշյան (Revalcon ընկերության համահիմնադիր) - Մեր հավելվածը հնարավորություն է տալիս լավագույնս կառավարել ջրային ռեսուրսները, մեր հաճախորդները կարող են միացնել և անջատել ոռոգման համակարգը, սահմանել հատուկ օրակարգեր, ժամանակացույցներ, որոնցով կհասնեն առավել մեծ օգտակարության։
Հավելվածը ստեղծելիս բարդությունների են եղել՝ կապված Հայաստանի լանդշաֆտներում հոսանքի և համացանցի բացակայության հետ։ Խնդիրը լուծել են այլընտրանքային էներգիայի ստացման միջոցով, այդպիսով համակարգը դարձրել ճկուն և հեշտ կառավարելի։ Շահառուների թիվը գնալով աճում է, այն արդեն կիրառվում է 200․000 հա տարածքի վրա։
Արտյոմ Տոնոյան (Revalcon ընկերության համահիմնադիր) - Ունենք սարքեր, որոնք սնուցվում են արևային պանելներով և կարողանում են առանց հոսանքի երկու տարի դիմակայել, ինչպես նաև սարքեցինք մեր սերվերը, որը ալեհավաքի միջոցով թույլ է տալիս մեզ 10 կմ շառավղով ծածկույթ ունենալ ու կախվածություն չունենալ ընդհանրապես ինտերնետից։
Ալեհավաքը միանալով համացանցին՝ հնարավորություն է տալիս ինֆորմացիան ստանալ աշխարհի ցանկացած ծայրից և կառավարել դաշտի ոռոգումը։ Հավելվածը կիրառվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Առաջին պատվերը եղել է Ռուսաստանի Դաշնությունից։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան