Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Այն կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Յոնաթան Նովակը և Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Հանդիպում-քննարկումը վարել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը:
«Առողջության ապահովագրության հետ կապված` այժմ սկսում ենք համատեղ քննարկումներ բժշկական հանրության և մասնագետների հետ, ովքեր ուղղորդում են` գտնելու մեր երկրի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը: Մեր քաղաքացիները բազմաթիվ գումարներ են ծախսում, որպեսզի ստանան առողջապահական ծառայություն, շատերն անգամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել` բուժօգնություն ստանալու, ուստի նպատակը մեկն է` ունենալ հասանելի առողջապահություն բոլորի համար»,- նշել է Լենա Նանուշյանը:
Հանդիպմանը զեկույցներով հանդես են եկել «Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք–Նուբարյանը: Զեկույցներին հաջորդել է ոլորտի մասնագետների կլոր սեղան-քննարկումը թեմայի շուրջ: