Աշխարհում 325 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտով, տարեկան այս հիվանդությունից մահերի թիվը հասնում է 170 հազարի: Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ ոլորտի մասնագետները ևս մեկ անգամ ահազանգում են՝ պատկերը մտահոգիչ է, հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ախտանշանի ու հայտնաբերվում միայն վերջին փուլում: Համաճարակաբան Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ միայն 2020 թվականին Հայաստանում հայտնաբերվել է 1244 դեպք, ընդ որում՝ 85 տոկոսի մոտ այն ընթացել է առանց ախտանշանի: Իսկ վերջին 5 տարվա պատկերը հետևյալն է:
Ռոմելլա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Մենք ունենք սուր հեպատիտ Ց-ի, Բ-ի նվազում, Ց-ի նվազումը կազմում 9 անգամ, իսկ Բ-ինը՝ 6 անգամ, չունենք մինչև 14 տարեկանների մոտ հեպատիտ Բ:
Ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանը պայքարում հեպատիտ Ց-ի ու Բ-ի դեմ: Ազգային ծրագրով արված մի շարք ծրագրերից զատ, նախատեսված է տարեկան 1000 պացիենտի բուժել հեպատիտ Ց-ից, այնուհետև բուժվողների թիվը ավելացնելով հասցնել գագաթնակետին ու պահել այն մինչև 2030 թվականը, որն էլ կլինի հիվանդության բացառում:
Նարինա Սարգսյանց (ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ) - Հայաստանում եթե վերցնենք սեռոդրական պացիենտներին հեպատիտ Ց-ի առումով, դա տատանվում է 2.5-6, այսինքն՝ միջինում կազմում է 4 տոկոս, եթե վերցնենք 70 տոկոսը քրոնիկա, ապա 2.9 է դա, եթե վերածենք Հայաստանի ազգաբնակչությանը, ապա 68 հազար անձ այս տարիների ընթացքում ունեցել է և ունի հեպատիտ, իսկ պիկը համարվում են 2008 և 2009 թթ:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հեպատոլոգիական կլինիկայի ղեկավարը տեղեկացրեց, որ վիրուսի մասին միայն 10 տոկոսն է իրազեկված լինում, 90 տոկոսի դեպքում հայտնաբերվում է պատահական՝ հետազոտության արդյունքում: Եվ հենց սա է պատճառը, որ աշխարհում 250 միլիոնից ավելի մարդ ինֆեկցված է քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով, իսկ 71 միլիոնը՝ վիրուսային հեպատիտ Ց-ով:
Հասմիկ Ղազինյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հեպատոլոգիական կլինիկայի ղեկավար) - Վիրուսային հեպատիտ Ց-ն համարվում է բուժելի հիվանդություն, վիրուսային հեպատիտ Բ-ն համարվում է կառավարելի հիվանդություն, որովհետև իրեն հակավիրուսային բուժումը այդպես էլ վերջնական էլիմինացիայի չի ենթարկում վիրուսը ինֆեկցվածի օրգանիզմ:
Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, թե ինչքանով է ազգային ծրագիրը կանխելու մահվան դեպքերը առաջիկա 10 տարում: Ծրագրի իրականացման դեպքում լյարդի առաջնային ուռուցքի դեպքերը կնվազեն 53, իսկ ցերոզները՝ 33 տոկոսով՝ փրկելով 600-ից ավելի կյանքեր: