ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Արցախի բնակիչներին ուղղված աջակցության ծրագրերը: Ծրագրերից մեկով 68 հազար դրամ է տրամադրվել պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի յուրաքանչյուր բնակչի, որը կա՛մ հաշվառված էր Արցախում, կա՛մ ուներ փաստացի բնակություն:
«Իսկ եթե անձը ՀՀ-ում չուներ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, լրացուցիչ ստանում էր նաև 15 հազար դրամ: Միջոցառումը սկսել ենք իրականացնել նախորդ տարվանից»,- ասաց Գալստյանը:
Հաջորդ միջոցառումը ևս սկսվել է նախորդ տարի և շարունակվում է այս տարվա ընթացքում: Խոսքն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում բնակված քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող գումարի չափը 300 հազար դրամ է:
Մյուս միջոցառմամբ էլ դրամական աջակցություն է տրամադրվել Արցախի այն բնակիչներին, որոնց բնակելի տները վնասվել են, և այլևս անհնար է դարձել այնտեղ բնակվելը:
«Այս դեպքում աջակցության գումարը դարձյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար է, այն կազմել է 250 հազար դրամ»,- ասաց Գալստյանը:
Անահիտ Գալստյանը նշեց, որ խնդրի արմատական լուծման համար անհրաժեշտ է կարգավորել Արցախի բնակիչների բնակարանային ապահովման հարցը:
«Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ ձեռնարկում են միջոցառումներ, և հետագա ջանքերը պետք է ավելի շեշտադրված լինեն բնակարանաշինության ոլորտի ուղղությամբ»,- ասաց նա:
Մինչ այդ, նրա խոսքով, կշարունակվեն հյուրընկալության, զբաղվածության ծրագրերը: