2020-ի մարտահրավերներից հետո Հայաստանը տնտեսական հոռետեսական սցենարների դաշտից գրեթե ամբողջությամբ դուրս է գալիս, եթե այլ նոր շոկեր տեղի չունենան՝ արձանագրում է Էկոնոմիկայի փոխնախարարը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշներին:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Մեզ մոտ տարվա սկզբից գրանցվել է մոտ 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:
Այս տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը մայիսի համեմատ՝ 12 տոկոս է: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.1, գյուղատնտեսական համախառն արտադրանքինը՝ 6.8, շինարարությանը՝ 10.8 տոկոսով: Տարվա առաջին 6 ամսում արտահանումն աճել է 23.3, ներմուծումը՝ 7.9 տոկոսով: Արտահանման ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով:
Ավագ Ավանեսյան - Եթե դոլարային արտահայտությամբ ենք խոսում, ապա հանքարդյունաբերությունը դեռևս պարզ պատճառներով աճ է գրանցում, որովհետև միջազգային գները բարձրացել են, ինչպես նաև կարող ենք ասել, որ գյուղատնտեսական արտադրանքը բարձր արտահանման աճի տենդենց ունի, սակայն պետք է հաշվի առնել, որ գյուղատնտեսական արտահանումն ավելի արագանում է երկրորդ կիսամյակում:
Ըստ փոխնախարարի, տարվա 3-րդ եռամսյակին է գյուղատնտեսության ամենաբարձր ազդեցությունը համախառն ներքին արդյունքի վրա:
Ավագ Ավանեսյան - Մենք թիրախավորելու ենք տնտեսապես բարդ ապրանքների արտահանումը, որովհետև դրանք հենց այն ապրանքներն են, որոնք բարձր ավելացված արժեք ունեն, որոնք գիտելիքի կոմպոնենտ ունեն:
Ծառայությունների ոլորտն առաջին կիսամյակում գրանցել է 2,7 տոկոս աճ: Հնարավոր է՝ «Եվրո-2020»-ի խաղերի ազդեցությունն է: Բայց, Ավանեսյանի խոսքով, մի քանի օրից, երբ գերատեսչությունն ամփոփի տվյալները, կհստակեցվի՝ ինչի շնորհիվ է աճ գրանցել ոլորտը: Հունվարից հունիս առևտրաշրջանառությունն աճել է 8 տոկոսով:
Ավագ Ավանեսյան - Կառավարությունը մտադրություն ունի վերամշակվող արդյունաբերությանը զարկ տալու՝ որպես տնտեսական աճի և զարգացման հիմք, որպես գիտելիքահեն տնտեսության ձևավորման հիմնասյուներից մեկը:
Գնաճի ցուցանիշն, ըստ Ավանեսյանի, համադրելի է տարածաշրջանի ցուցանիշների հետ: Տնտեսական ցուցանիշները խոսում են դրական դինամիկայի մասին: Աճի նախադրյալներ կան, բայց, փոխնախարարի խոսքով, երկարաժամկետ կտրվածքով մրցունակ լինելու համար նաև կառուցվածքային փոփոխությունների զգալի աշխատանք կա անելու:
Ավագ Ավանեսյան - Հրապարակվել է Հարվարդի կողմից տնտեսական բարդության ինդեքսը, որին 2019-ին առաջընթաց ենք ունեցել, այսինքն՝ մեր տնտեսական բարդությունը, ըստ վերջին հետազոտությունների, երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է, բարելավում ենք ունեցել: Իհարկե, 2020-ը դեռևս չեն հաշվել, բայց դա արդեն նշանակում է, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք:
Պետության ջանքերն ուղղված են որքան հնարավոր է շուտ 2019-ի տնտեսական ցուցանիշները վերականգնել ու նաև անցնել: Տնտեսության որոշ ոլորտներ 2019-ի մակարդակին դեռ չեն հասել, բայց փոխնախարարի խոսքով՝ միտումներն այնպիսին են, որ մինչև տարեվերջ հնարավոր է վերականգնեն թվերը: