Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը` փոխանցում է Ermenihaber-ը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից, ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում:
Նմանատիպ մի տեսանյութ է հրապարակել թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, որում երևում է Վան անցնող ավելի քան 100 հոգանոց փախստականների խումբը:
Նշվում է, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել այդ երկրի համապատասխան ծառայությունների կողմից: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Աֆղանստանից է:
Թուրքիայում քիչ չեն փախստականների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող անձինք: Նրանք գումարի դիմաց փախստականներին գաղտագողի ճանապարհներով հասցնում են երկրի արևմտյան սահման, որտեղից արդեն փախստականները փորձում են անցնել Եվրոպա: