Վառ գույներ, դետալներ՝ փայտի, թղթի, գույնի միաձուլում. Հայաստանում կարելի է ծանոթանալ իտալական ժամանակակից արվեստին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրվում են իտալացի արդի նկարիչ Ուգո Նեսպոլոյի կտավները:
Արմեն Եսայանց (Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն) - Այս ցուցադրությունում հետաքրքիր է տեսնել՝ ինչպես է արվեստագետը աշխատում թղթի հետ, թղթային ֆակտուրաներով, հետաքրքիր է՝ ինչպես է գույնը դրանց հետ աշխատում: Իհարկե, ներգրավման տեխնիկան, երբ փայտի կտորներից հավաքվում է կոմպոզիցիան, այն գալիս է ավելի հին շրջանի արվեստագետներից: Այն կարծես հենց իտալական արվեստին հատուկ բան է:
Նեսպոլոյի գործերը Հայաստանում ներկայացվում են առաջին անգամ: Ցուցահանդեսի անունն է՝ «Ծաղկաքաղ», կամ, ինչպես կասեն իտալացիները՝ «Ֆլորիլեջիո»: Արվեստագետի տարբեր շրջաններում արված 22 աշխատանքներն են:
Արմեն Եսայանց - Կարծես ծաղկած գույներով շատ վառ գույներով ցուցադրություն է, բայց դա մակերեսային է: Եթե ուսումնասիրում ես Նեսպոլոյի ցուցադրությունը՝ արտեպովեռա, պոպարտին, դրանց բոլորին առնչվող շերտեր կան:
Ցուցադրությունը կազմակերպվել է Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ: Այն դիտել է նույնիսկ նկարների հեղինակը՝ առցանց տարբերակով, տպավորվել է: Հայաստանում ցանկացողները նկարները կարող են ուսումնասիրել ոչ առցանց՝ մինչև հոկտեմբերի 3-ն այցելելով ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին:
Հեղինակ՝ Անի Ավագյան