Հեղուկ գազի գինը վերջին օրերին շարունակ ավելանում է: Մինչև թանկացումը 1 լիտրը վաճառվում էր 180-200 դրամով, այսօր ցուցանակը հուշում է՝ պետք է վճարել 280 դրամ: Այլընտրանք գտնելու հույսով՝ վարորդները քաղաքում շրջում, ավելի մատչելի լցակայաններ են փնտրում:
Գազալցակայաններում նկատվող զգալի թանկացման պատճառներին անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը»:
Ներմուծող ընկերությունները պարզաբանում են՝ Հայաստանի մատակարար Ռուսաստանում ու Իրանում հեղուկ գազի պակաս կա: Հեղուկ գազ ներմուծող ընկերությունը չի բացառում, որ գների շարունակական աճի դեպքում կփորձեն աշխատել այլ երկրների հետ ևս:
Համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին որոշ ապրանքների և ծառայությունների գներ էական անկում արձանագրեցին, կար պահանջարկի զգալի նվազում:
Տնտեսագետ Արմեն Քթոյանը շեշտում է՝ հեղուկ գազի գինը սերտորեն կապված է նավթի գների հետ, որոնք ևս բարձրացել են, իսկ Հայաստանի շուկան, պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով, կախված է մեկ-երկու երկրից: Տնտեսագետը չի բացառում. գազի թանկացումը շղթայական հետևանք կարող է ունենալ նաև տաքսի ծառայությունների և այլ ապրանքների գների վրա:
Արմեն Քթոյանը բացատրում է՝ հեղուկ գազի շուկայում այժմ պահանջարկը գերազանցում է առաջարկը, քանի որ մեծ տնտեսությունները ևս ամբողջությամբ չեն վերականգնվել կորոնավիրուսից, և Հայաստանը սպառմանը համարժեք ներկրում չի կարողանում իրականացնել: Բայց, ըստ փորձագետի, այդ խնդիրը կլուծվի առաջիկա շաբաթների ընթացքում: