Նիգերիայից Հայասատան հասած փոքրիկ Ստեֆանին 5-ամյակը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում է նշել: Աֆրիկուհուն ողնուղեղի ալլոգեն փոխպատվաստման աննախադեպ վիրահատություն են արել: Մանգաղանման-բջջային անեմիան է հաղթահարում: Հյուր եկած տեսախցիկից զարմացավ: Հանրայինի միկրոֆոնով իրեն ավելի լավ է զգում, փորձում հայերեն բարև Ձեզ ասել:
Ստեֆանիի հետ օրուգիշեր աշխատած բժիշկն ասում է՝ արյան փոքր անոթները խցանող անեմիայի դեմ պայքարելու համար աղջնակն իր երկրում արյան ներարկումներ շատ չէր ստացել, փոխպատվաստումը հեշտ է անցել:
Լուսինե Քրմոյան, Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մանկական արյունաբան - Ինքնազգացողությունը եղել է բավարար: Իհարկե, և՛ ջերմել է, և՛ ունեցել ենք խոր լեյկոպենիա, որը կանխատեսված է եղել, բայց ընթացել է հարթ:
Կարեն Մելիքսեթյան, Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի բուժական փոխտնօրեն - Հավաքագրվել է մոտ 200 մլ ցողունային բջիջ, որը նույն օրը ներարկվել է երեխաներին: 2-ի մոտ էլ վիրահատության ընթացքում բարդություններ չեն դիտվել:
Այս կադրերը հենց վիրահատարանից են: Մեկ տարեկան, ութ ամսական կամերունցի Մանուելան է: Նա էլ է մանգաղանման-բջջային անեմիան ստացել գեներով: Աֆրիկյան երկրներում ծնողներն ամուսնանալիս բժշկական ստուգում են անցնում, որպեսզի վստահ լինեն, որ հիվանդ չեն, բայց գենով փոխանցվող սակավարյունությունն այդ երկրներում հաճախ է հանդիպում:
Քերոլայն Ֆաուդա Ցիլա, Կամերուն - Փոքրիկս հիվանդության պատճառով ծնված օրից տանջվում էր ուղեկցվող հիվանդություններից, հետո մեզ գտան, հայտնվեցինք Հայաստանում: Ու հիմա աղջիկս երգում է, պարում է, հաց է ուտում, իսկ 12 տարեկան տղաս, որ քրոջ դոնորն էր, չի էլ ուզում գնալ այստեղից, ասում է՝ դուք գնացեք, ես կմնամ:
Բացառիկ վիրահատությունը Հայաստանում իրականացնելու համար Երևան էր հասել նաև իր կյանքի 27 տարին մանկական արյունաբանությանը նվիրած ու զարգացող երկրներում ոսկրածուծի փոխպատվաստման ցանց ստեղծած դոկտոր Ֆոլքները:
Լորենս Ֆոլքներ, մանկական արյունաբան, Իտալիա - Երկար ժամանակ է գործակցում եմ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի հետ, որ միասին օգնենք երեխաներին ապրել: Ձեր բժիշկների հետ մի քանի տարի աշխատելու նպատակ ունեմ, որ կարողանանք իրականացնել մեկ դոնորից մյուսին կատարվող ալլոգեն փոխպատվաստումը: Ամբողջ գործընթացը մեր հայերի թիմն է արել, ես այնտեղ էի, որ օգնեի իմ խորհուրդներով: Արդյունքից գոհ՝ այսօր վերադառնում եմ Իտալիա:
Դեռ պիլոտային ծրագրով երեխաներին կարողացել են փրկել «Ժպիտների քաղաք», Cure2Children հիմնադրամների ու Առողջապահության նախարարության միջոցներով։
Արյունաբանականում վստահեցնում են՝ Ստեֆանիի և Մանուելայի հաջողված վիրահատությունը կապացուցի, թեև Հայաստանում այս հիվանդությունը չի պատահում, բայց ալլոգեն փոխպատվաստման համար մեր երկրից ստիպված դուրս չեն գնա: Այստեղ վիրահատությունը կլինի 2-3 անգամ ավելի էժան, որը հնարավորություն կտա զարգացնել բժշկական տուրիզմը: Իսկ մինչև պիլոտային ծրագիրն ավարտվի, մեր երկիր եկած Ստեֆանին արդեն հյուրընկալ է, միկրոֆոնից էլ չի ուզում բաժանվել: