Ադրբեջանի «սև շուկան». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը: Սա ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական Bulgarian Military հարթակում տեղադրված հոդվածի վերնագիրն է: Հեղինակը մեջբերում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքը, որի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ զինամթերքն ուղղվում է Հայաստանի դեմ պատերազմի համար, այլ նաև այդ զենքի որոշ մասը վաճառում է երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ «սև շուկայում»:
«Բազմաթիվ ապացույցներ են արդեն հրապարակվել, որոնք ցույց են տալիս «սև շուկայում» Ադրբեջանի կողմից զենքի ապօրինի շրջանառության փաստը: Օրինակ՝ Բաքուն 2017 թվականին, որպես կանոնավոր զորավարժությունների մաս, ցույց տվեց չեխական MLRS RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք, համաձայն չեխ պաշտոնյաների հայտարարությունների, այդ երկիրը պարզապես չէր կարող ունենալ՝ հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության գործող օրենքները: Այդ ժամանակ Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղում այդ ռազմական համակարգերի հայտնվելու մասին և, այդուհանդերձ, Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց նման գործարքի անհնարինության մասին: Որպես արդյունք՝ ռազմական փորձագետներն սկսեցին տեսակետներ հայտնել այն մասին, որ զինամթերքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով»:
Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով դրա վերաբերյալ Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ստացված գաղտնի տեղեկությունը: Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև ադրբեջացի ընդդիմադիր վերլուծաբանները:
«Հետևաբար առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ԱՄՆ-ին անհրաժե՞շտ են նմանօրինակ օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Ամերիկացի պատմաբան, Antiwar վերլուծական կայքի խմբագիր Դանիել Լարիսոնը վստահ է, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի: Նա կոչ է արել Վաշինգտոնին սկսել մշակել իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել ՆԱՏՕ-ի զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին ռազմական աջակցության ցուցաբերումն իրական վտանգ է Կովկասում իրադրության խաթարման տեսանկյունից: Այսինքն՝ եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքականության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը և հակազդել միջազգային ահաբեկչությանը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնելով ցանկացած ռազմական աջակցություն Ադրբեջանին»:
Հրապարակման մեջ առանձին անդրադարձ է կատարվում նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությամբ սիրիացի զինյալների ներգրավման փաստին: Նյութում ներկայացված են Վաշինգտոնում գործող CNA հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետների կարծիքները, որոնք պնդում են, որ Ադրբեջանը վարձկաններին ներգրավել է՝ սեփական կորուստները նվազեցնելու ակնկալիքով:
«Կասկածից վեր է, որ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հետ մարտահրավեր են նետել համաշխարհային հանրությանը՝ բացահայտ օգտագործելով ջիհադիստներին: Բաքուն հազիվ թե կարողանա մաքրել իր հեղինակությունն ահաբեկիչների հետ գործակցության խարանից: Իսկ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները պետք է մտածեն, թե նպատակահարմա՞ր է արդյոք հետագա ռազմական ու տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, հատկապես հունիսին ռազմական համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական համաձայնագրի կնքման ֆոնին, որը Բաքվի համար դյուրացնում է ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքերի հասանելիությունը: Ո՞վ իմանա՝ վաղն ում դեմ դրանք կարող են օգտագործվել»,- հռետորական հարցով է ավարտում հոդվածը Bulgarian Military-ն: