Հայ հոգևորականների մուտքը Դադիվանք Բաքուն խոչընդոտում է՝ առանց պատճառի: Մեր թողարկումներից մեկում հայտնել էինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները պատրաստվում են Դադիվանք ուխտին, հիմա սակայն Ադրբեջանը մտացածին պատրվակներ է հորինում՝ արգելելու Հայր Աթանասին ու Ներսեսին միանալ միաբան եղբայրներին:
Տեր Ներսես Աբեղա Հարությունյան (ՀԱԵ սպասավոր) - Մեկ ուրիշ բան է պայմանավորվածություն, մեկ ուրիշ բան է ընթացքը, գնալով օղակը սեղմվում է վանքի շուրջ: Մշտապես խնդիրներ են առաջացնում, և շատ մեծ իմաստություն ու ջանք չեն պահանջվում հասկանալ՝ նպատակը ո՛րն է:
Նպատակը պարզից էլ պարզ է. պատմություն չունեցող երկրին հանգիստ չի տալիս Արցախի հայկական հազարամյա անցյալը: Ադրբեջանական մեդիադաշտը հայկական Դադիվանքը ներկայացնում է իբրև աղվանական՝ Խուդավենք անունով:
Ալեքսան Հակոբյան (կովկասագետ) - Կոչվել է Դադիվանք,Դադոյի վանք և Խութավանք: Խութավանք հայերեն բառ է, որ նշանակում է վանք ժայռի վրա: Ադրբեջանցիները վերցրել են հայկական տարբերակը, ձևափոխել անհաջող մի անուն, գուցե իրենց լեզվով նմանացրել են: Դա մեր պատմագրության մեջ հայտնի Խութավանքն է: Աղվանքի հետ Դադիվանքը ոչ մի կապ չունի:
Իրականության հետ ոչ մի կապ չունի նաև ադրբեջանական սոցցանցերում տարածվող լուրը, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, որտեղ սպասում են ուդի քրիստոնյաների:
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ) - Այս պահին այնտեղ ունենք 6 հոգևորական՝ երեք կուսակրոն և երեք սարկավագ, և ռուս խաղաղապահները, ովքեր հսկում են հայ հոգևորականների և վանքի պաշտպանությունը:
Մայիսից տարբեր պատճառաբանություններով Ադրբեջանը խոչընդոտում է նաև հայ ուխտավորների այցը. Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ մեկ կորոնավիրուսն է պատճառը, մեկ՝ իբրև ճանապարհների անմխիթար վիճակը:
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Ամեն շաբաթ ռուս խաղաղապահները ցուցակ են ուզում, մենք տրամադրում ենք և՛ հոգևորականների, և՛ ուխտավորների, բայց գալիս ա պահը, կապվում ասում են՝ արգելվում ա և վերջ:
Թեպետ ադրբեջանական արգելքին, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները շարունակում են բանակցությունը ռուսական կողմի հետ Դադիվանք հոգևոր ծառայության մեկնելու համար: