Աղմկոտ տեխնիկան Բաշինջաղյան 178 շենքի բնակիչներին շուտով կազատի կոյուղաջրերի՝ նկուղ լցվելուց։ Սա Երևանում ամենաշատ վթարվող հասցեներից է։
Հին՝ կերամիկական վնասված կոյուղագծերը նոր, պլասմասսե խողովակներով փոխարինում է «Վեոլիա ջուրը»։ 4 տարվա ընդմիջումից հետո ընկերությունը վերսկսել է մայրաքաղաքի ջրամատակարարման-ջրահեռացման ցանցի կապիտալ նորոգումը։ Իսկ գործ այս ընթացքում չէին անում, քանի որ ֆինանսավորումն ու շինարարական ուժերը կենտրոնացրել էին Երևանից դուրս ապրող սպառողների խմելու ջրի խնդիրը մեղմելուն՝ բացատրում է կազմակերպության ներկայացուցիչը։
Գագիկ Այվազյան («Վեոլիա ջուր» ընկերության շինարարական աշխատանքների համակարգման բաժնի պետ) - Մարզային խնդիրները շատ էին։ Ա՛յ հիմա նոր վերջապես «Վեոլիա ջուր» ընկերությունը հնարավորություն ունեցավ Երևանում իրականացնել ներդրումներ։ Դրանք 5 խոշոր ծրագրով են՝ մոտ 850 մլն դրամի սահմաններում:
Ծրագրերի մի մասով թարմացվում է խմելու ջրագծերի, մյուսով՝ կոյուղատարների ցանցը։ Այստեղից, օրինակ՝ շինարարական բրիգադը հարևան շենք է տեղափոխվելու, այնտեղ էլ սնուցման խողովակ պետք է անցկացնեն։ Աշխատանքներին հետևում են նաև քաղաքապետարանից: Բացի այն, որ վթարների ժամանակ մարդիկ նախ իրենց են զանգում-բողոքում, «Վեոլիայից» պահանջը Երևանում նորակառույցների ավելացմանը զուգահեռ ջրամատակարարման-ջրահեռացման ենթակառուցվածքը հզորացնելն է։
Արսեն Կարոյան (Երևանի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Բազմաբնակարան շենքերն են ավելանում, համ մասնավոր սեկտորը, քաղաքը տարածվում և խտանում ա: Դրա հետ մեկտեղ մենք խնդիրներ ունենք՝ ներքին ցանցերի հետ կապված, օրինակ էս հատվածում ջրագծերը 40-50 տարի չէին թարմացվել:
Հերթն իրենց էլ հասավ՝ ասում են Կողբ թաղամասի բնակիչները։ Երկու շաբաթ է՝ սկսել են գետնի տակ մտցնել Արագածի փողոցի նոր ջրագիծը։
Խողովակը պլասմասսայից է, կծառայի ամենաքիչը 50 տարի, ձմռանը չի սառչի։ Մետաղականների պես զոդման կարերից պայթելու, ջրի հոսքի-կորստի վտանգ չկա՝ վստահեցնում է այն ամրացնող վարպետը։
Սարգիս Բադալյան (շինարարական ընկերության աշխատակից) - էս պայկեն հաստանում ա, մի քիչ անհավանական ա էդտեղից թողի, քան ուրիշ տեղից:
Գործն այստեղ արագ է առաջ գնում, հիմա նախկին տեմպերը չեն։ Օգոստոսի կեսին առաջին շերտ ասֆալտն արդեն պետք է փռեն։ Այնպես որ, ըստ շինարարական կազմակերպության ղեկավարի, մի ծայրից փողոցը փորում են, մարդկանց տուն մտնել-դուրս գալու համար շարժական կամրջակ տեղադրում, փոսը լցնելուց հետո այն տեղափոխում։
Արմեն Մովսեսյան (շինարարական ընկերության ղեկավար) - Մաքսիմում 2-3 մետր խողովակի միացման աշխատանք ա բաց մնում, բայց փորձում ենք կազմակերպենք նենց, որ հետլիցքի աշխատանքը նույն օրը կազմակերպենք:
Խմելու ջուրը թաղամասում հիմա էլ գրեթե շուրջօրյա է։ Նոր ցանցը լուծելու է ջրաչափը տներից հանելու, մայթին մոնտաժելու խնդիրը, ինչի արդյունքում «Վեոլիան» հույս ունի կրճատել ջրագողությունը։ Թաքցնելու բան չունեն՝ խմելու ջրով, այո՛, այգի են ոռոգում՝ խոստովանում են տարածքում ապրողները։
Նոր ջրագիծն ու ջրաչափները միացնեն՝ ի՞նչ են անելու՝ չգիտեն։ Մինչև տարեվերջ Երևանում կկառուցվի մոտ 15 կմ ջրամատակարարման խողովակաշար, նորացվելու է անհատական տների 1480 ջրաչափ։