Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացվել է, թե հիվանդացության տեսանկյունից ինչպիսին է վիճակագրությունը Հայաստանում և աշխարհում: Բացի այդ, անդրադարձ է եղել հեպատիտների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը:
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2021 թվականի կարգախոսն է՝ «Հեպատիտը չի սպասում»:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում 325 մլն մարդ է ապրում քրոնիկ հեպատիտներով:
Շուրջ 170 հազար մարդ տարեկան մահանում է հեպատիտներից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ 1 մարդ մահանում է հեպատիտներից:
«ՀՀ-ում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը բավականին լուրջ է այն առումով, որ հեպատիտները հիմնականում ընթանում են անախտանշան, ցավոք, անձինք, չիմանալով հիվանդության մասին, չեն դիմում բժշկական կազմակերպություն, և վերջիններիս մոտ հիվանդությունը հայտնաբերվում է 15-20 տարի անց՝ արդեն բարդություններով: Տվյալ անձինք ունենում են լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,- ասաց Աբովյանը:
Ներկայացնելով վերջին 5 տարիների վիճակագրությունը՝ Աբովյանը նշեց, որ նկատվում է սուր հեպատիտ Բ-ի (6 անգամ) և Ց-ի (9 անգամ) նվազում:
Մասնագետի խոսքով՝ 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ չի հայտնաբերվել, ինչը պայմանավորված է 1999 թվականից հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների գործընթացով:
Աբովյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ում հեպատիտների վերահսկման և կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում ներդրվել է հեպատիտների վաղ հայտնաբերման մեխանիզմ:
«2020 թվականին արձանագրվել է հեպատիտների 1244 դեպք: Դրանց 85 տոկոսը կազմել են անախտանիշ անձինք, որոնք չեն իմացել հիվանդության մասին»,- ասաց Աբովյանը: