Իշխանությունը պաշտոնապես չի արձագանքել քաղաքացիական հասարակության դեռևս մեկ ամիս առաջ հղած ուղերձին՝ կապված Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների հետ: Անարձագանք մնալը քաղհասարակության ներկայացուցիչներին չի հիասթափեցնում, այս պատկերը պայմանավորում են կառավարության ձևավորված չլինելու հետ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հուսով է՝ կառավարության հետ արդյունավետ համագործակցելու տարբերակներ կգտնեն՝ հաշվի առնելով նաև այն, որ ոչ պաշտոնական արձագանք իշխանության տարբեր ներկայացուցիների կողմից եղել է:
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ - Ինչո՞ւ են պետք նման նախաձեռնություններ, աջակցելու կառավարությանը, սնելու նոր գաղափարներով ու մոտեցումներով: Այդ նամակում նշեցինք գլխավոր ուղղությունները, որոնցով նոր կառավարությունը պետք է զբաղվի:
Քաղաքացիական հասարակության երեք տասնյակից ավելի ներկայացուցիչների ուղերձում 10 թիրախ կա՝ անվտանգությունից մինչև տեղական ինքնակառավարման կատարելագործման խնդիրներ, որտեղ ամփոփված են թե՛ պատերազմից հետո առաջ եկած, թե՛ նախկինում եղած մարտահրավերները:
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ - Ժամանակը ցույց տվեց, որ քաղհասարակության կողմից բարձրացված խնդիրները երևակայական կամ սուբյեկտիվ մոտեցումներ չեն, այլ խնդիրներ են, որ առանց դրանց լուծման ժողովրդավարության ու զարգացման առաջընթաց չի կարող լինել:
Ակտիվ ու մասնակցային համագործակցություն. սա քաղհասարակության ակնկալիքն է գործադիր ու օրենսդիր իշխանությունից: Նրանք վստահ են՝ իշխանությունը հասկացել է, որ քաղհասարակության կողմից նախկինում արված մի շարք առաջարկություններին լրջորեն չվերաբերելը հանգեցրել է խնդիրների:
Ստեփան Գրիգորյան - Ունենք 2.5 տարվա դառը փորձ: Շատ քայլեր, որոնք կամ դանդաղ են արվել, կամ չեն արվել, բերեցին այս ճգնաժամին: Քանի որ կառավարությունն ադեկվատ արձագանքում ու հասկանում է, որ դա հենց դրանից է գալիս: Օրինակ՝ շատ հարցեր առաջացան նրանից, որ մենք Սահմանադրությունը չփոխեցինք: Կարծում եմ՝ այս դառը փորձը կհուշի կառավարությանն ավելի ճկուն լինել:
Արթուր Սաքունց - Գտնում ենք, որ նախկինում էլ, հիմա էլ կան հարցեր քաղաքական կամքի դրսևորման հետ, կամ քաղաքական կամքի ոչ արդյունավետ իրականացման հետ, որոնք պայմանավորված են կամ չգիտակցելով, կամ կարողությունների պակասով, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր առաջարկություններից:
Միևնույն ժամանակ՝ նրանք չեն հերքում` իշխանությունը մի շարք հարցերում համագործակցել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիների հետ, օրինակ՝ Ընտրական օրենսգրքի, Կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը մշակելիս, ԵՄ ճանապարհային քարտեզի և այլ հարցերում: Քաղհասարակության անդամները հիշեցրին, որ ՀՀ-ում իրենք կայացած ինստիտուտ են, ազդեցություն ունեն նաև արտաքին աշխարհում և կարող են օգնել պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին: