8-ամյա դադարից Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը: Հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2019 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020-21 թթ. այստեղ իրականացվել են ներքին հարդարման,գույքի ձեռքբերման և շենքի արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Եռամյա ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ: Ծրագիրը 65 տոկոսով կամ մոտ 93 միլիոն դրամով ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, իսկ 35 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով՝ Վարսերի համայնքապետարանը:
Հուլիսի 26-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր, վարսերցիներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորել են միմյանց, համայնքի բնակիչներին և հատկապես համայնքի փոքրիկներին՝ Վարսերում արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ ունենալու համար:
Համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Գեղարքունիքի մարզպետարանին՝ իրենց կողմից երկար սպասված ծրագրին ընդառաջելու և այն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար: Վարսերցիներին, մանկապարտեզի աշխատակազմին և սաներին շնորհավորել է Գնել Սանոսյանը՝ հույս հայտնելով, որ Վարսերում գործող այս կառույցն իր բովանդակությամբ այսուհետ կնպաստի մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպմանը:
«Շնորհավորում եմ բոլորիս և ուրախ եմ, որ Վարսեր համայնքը վերջապես ունեցավ չափազանց կարևոր այս ենթակառուցվածքը ևս: Ես շատ կարևորում եմ մանկապարտեզի դերը մեր համայնքներում, քանզի մեր երկրի համար շատ կարևոր է կրթված ու գրագետ սերունդ ունենալը, իսկ կրթության հիմքը դրվում է հենց մանկապարտեզից:
Ուրախ եմ նաև, որ այս կառույցն այսուհետ կծառայի ոչ միայն որպես մանկապարտեզի շենք: Շենքի առաջին հարկը նաև կհանդիսանա սպորտային կենտրոն, որտեղ կգործեն տարբեր խմբակներ և որից կարող են օգտվել արդեն դպրոցահասակները: Այս ծրագիրն իրականություն չէր դառնա, եթե չլիներ նաև համայնքապետարանի շահագրգռվածությունը: Ուստի և շնորհակալություն եմ հայտնում ներդրած ջանքի և եռանդի համար և մաղթում ժամանակակից պահանջներին համապատասխան և շատ հետաքրքիր աշխատանք»,- ասել է Սանոսյանը:
Հիմնանորոգված մանկապարտեզում ստեղծված է 120 սանի սպասարկման հնարավորություն: Մանկապարտեզի երկրորդ հարկում տեղակայված են խաղասենյակները, ննջասենյակները, սանհանգույցները, իսկ առաջին հարկում՝ խոհանոցն է, լվացքատունը, վարչական սենյակները, բուժկետը և առանձին մուտքով մի քանի դահլիճներ, որոնք կծառայեն համայնքի բնակիչների մարզական կարիքների համար:
Մանկապարտեզի բարեկարգված բակը նաև կահավորված է տարբեր խաղային հնարավորություններով:
Վարսերի նորաբաց մանկապարտեզում առայժմ կհաճախի 30 սան, նրանց թիվն աստիճանաբար կավելանա, քանզի շատերը համայնքի մանկապարտեզի բացակայության պատճառով ստիպված էին իրենց փոքրիկներին այլ համայնքների մանկապարտեզներ տանել:
Մանկապարտեզի աշխատակազմը համալրված է համապատասխան մասնագետներոով: