Հորդառատ անձրևները միաժամանակ ջրհեղեղներ են առաջացրել երկրագնդի տարբեր մասերում՝ Անգլիայում և Թուրքիայում:
Մի քանի օրվա տապից հետո օդերևութաբանները Անգլիայում կանխատեսում էին ամպրոպ, տեղատարափ անձրևներ և մթնոլորտային քամիներ՝ հայտնում է BBC-ն:
Լոնդոնի մի շարք թաղամասերում փողոցները հայտնվել են ջրի մեջ: Շատ մեքենաներ չեն կարողացել շարժվել ջրի ուժեղ հոսքի պատճառով, խախտվել է մետրոյի աշխատանքը:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մայրաքաղաքի հրշեջ ջոկատը ստացել է շուրջ 300 ահազանգ՝ կապված նկուղների և փողոցների ջրի մեջ մնալու հետ:
Իշխանությունները դեղին նախազգուշացում են տարածել Անգլիայի հարավ-արևելքի մեծ մասի համար, քաղաքացիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ առաջիկայում ճանապարհորդելուց:
Հորդառատ անձրևների հետևանքով սողանքներ և ջրհեղեղներ են առաջացել Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում: Հեղեղումների հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։