Ռոբերտ Եղիազարյան (ոստիկանության ավագ պարեկ) - Պետք է քաղաքացիներին մոտենանք նոր, ավելի ժամանակակից մոտեցումներով, հնարավորության դեպքում քաղաքացիների հանդեպ ավելի նվազ նշանակություն ունեցող եթե կիրառվում է, վարչական տույժեր կիրառենք:
Հենց այսպիսի ժամանակակից ոստիկանություն է ստեղծվում Հայաստանում: Երևանում ծառայող 700 պարեկին կմիանան նաև Շիրակի և Լոռու մարզերի նոր ծառայողները: Նախ դրա համար պետք է Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս սովորել: Ընդունելության համար Երևանի համար հավելյալ 55 տեղ ունեն, 39-ը տղամարդկանց, 16-ը՝ կանանց համար, Լոռիում՝ 258 տեղ, 181-ը՝ տղամարդկանց, 77-ը կանանց համար, իսկ Շիրակում՝ մեկ տեղով պակաս՝ 257, կրկին 77-ը կանանց համար: Կարող են դիմել 18-35 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, չունեն օրենքով սահմանված ցանկով հիվանդություններ: Իսկ ոստիկանների ընդունելության տարիքային շեմը 40 տարեկանն է կանանց և 45-ը՝ տղամարդկանց համար:
Միսակ Մարկոսյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ) - Տարիքների նման տարբերակումը պայմանավորված է նորմատիվներով:
Հանձնաժողովը կընտրի երեք փուլով. ֆիզիկական պատրաստվածություն, ընդհանուր զարգացածություն, մասնագիտական պիտանելիության ստուգում համակարգչային թեստով, նաև կանցնեն հարցազրույցի փուլ, որ կարողանան ստուգել ապագա պարեկների հոգեբանական վիճակը: Ի դեպ, սովորելու ընթացքում կստանան նաև նվազագույն աշխատավարձ՝ 68.000 դրամ: Իսկ աշխատանքի անցնելու դեպքում բարձր կվարձատրվեն: Ամենացածր աշխատավարձը կլինի մոտ 230 հազար դրամ:
5-ամսյա կրթության առաջին հոսքի դիմորդների 24 խմբի դասախոսներին ևս ընտրել են, ոլորտի լավագույն մասնագետներն են՝ վստահեցնում են: Դասընթացներում նաև ճանապարհային երթևեկության մասին առանձնահատկությունները կներառեն. քննադատություններ դեռ լսում են:
Պարեկ դառնալ ցանկացողների ընդունելության համար գրանցվելու մանրամասները հասանելի են նաև ոստիկանության կրթահամալիրի կայքում: