Հայաստանը Շվեյցարիայի գործընկերների հետ քննարկում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները:
«Նորարարության օր» համաժողովն առաջինն է, այն կդառնա ամենամյա՝ նպատակ ունենալով հայկական ՓՄՁ-ները ներկայացնել միջազգային շուկայում, նպաստել հայկական արտադրանքի արտահանմանը:
Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - 30 ընկերություն է մասնակցելու, ամեն օր՝ որոշ քանակով, նպատակն է՝ մեր ՓՄՁ-ները կարողանան դուրս գալ արտաքին շուկա, ներդրումներ ներգրավենք Հայաստան:
Ներդրումային ոլորտի վրա Քովիդն ազդեցություն թողել է, բայց հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը, այլ երկրների համեմատ, ավելի արագ է վերականգնում տնտեսությունը: Ակնկալում են, որ համաժողովից հետո արդյունքներն ակնհայտ կլինեն: Քննարկումը նախաձեռնել են Ներդրումների աջակցման կենտրոնը, Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում Շվեյցարիայի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունները:
Ստեֆանո Լազարոթո (ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան) - Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի ձեռնարկությունների համար իրենց տեսանելիությունը բարձրացնելու Շվեյցարիայում, որը կնպաստի նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Աջակցությունը, որ ցուցաբերում է Շվեյցարիան՝ միտված է արժեք ստեղծելուն. առավել կարևոր ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ գործակցությունը բավականին ակտիվ է, նաև՝ դեղագործությունը: Կա շատ մեծ առևտրային փոխանակում հանքարդյունաբերության ոլորտում: Հայաստանից մեծ քանակի հանքանյութ է արտահանվում Շվեյցարիա:
Մասնակից ընկերությունները կպատրաստեն իրենց ներուժը ներկայացնող տեսահոլովակներ: Ոլորտները տարբեր են՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, այ-թի:
Ալինա Եղիազարյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների ներգրավման և արտաքին կապերի վարչության ղեկավար) - Միջոցառումը միտված է հայ-շվեյցարական առևտրատնտեսական կապերի, նոր գործարար կապերի հաստատմանը:
«Էնթերփրայզ Արմենիան» կաջակցի հայկական ընկերություններին նոր ներդրումներ ներգրավելու, արտադրական կարողությունները ընդլայնելու հարցում:
Սամվել Բարեյան («Զեոլիտ պրո» ընկերության համահիմնադիր) - Գտնենք գործընկերներ մեր բիզնեսի համար, ներկայացնենք դրսին: Շատ մեծ հեռանկարներ ունի ամբողջ աշխարհում արտադրանքը, կլիմայի փոփոխությամբ, կարելի է բարելավել շրջակա միջավայրի վիճակը:
Կողբում հիմնված ընկերութունը զբաղվում է հանքանյութից՝ ցեոլիտից ֆիլտրերի, նյութերի պարարտանյութերի, կերերի հավելումների արտադրությամբ: Բարեյանը բացատրեց՝ ցեոլիտն օգտագործելով պարարտանյութերի արտադրության մեջ՝ կարելի է լուծել նաև Սևանի կանաչ ջրիմուռների խնդիրը: