Նախորդ տարվա համեմատ այս տարի 3 տոկոսով ավելացել է արդյունագործական ձկնաբուծության արտադրությունն ու արտահանման ծավալը։ Վիճակագրությունը ցույց է տալիս՝ վերջին տարիներին ոլորտը զարգանում է:
Տիգրան Ալեքսանյան (ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ) - 2020 թ․ մենք ունեցել ենք ձկան արտահանման ծավալների բավականին լուրջ աճ, ինչի արդյունքում կարողացել ենք հիմնականում ռուսական շուկա և այլ երկրներ արտահանել արդյունագործական իշխանազգի և թառափազգի ձկնատեսակներ։
Տնտեսվարողները սկսել են ինտենսիվ ձկնաբուծությամբ զբաղվել, դա էլ նպաստում է արդյունագործական ձկնաբուծության զարգացմանը՝ բացատրում է Տիգրան Ալեքսանյանը: Ինտենսիվ ձկնաբուծությունը հնարավորություն է տալիս նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ֆիլտրել ջուրը և նույն ջրառի ծավալներով ավելի շատ ձուկ պահել։ Այս մեխանիզմով ձկնաբուծության զարգացմանը պետությունը զգալի աջակցություն է ցուցաբերում։
Տիգրան Ալեքսանյան - Մենք ունենք 0 տոկոս 3-15 մլն դրամանոց սուբսիդավորվող վարկային ծրագիր, որում ներառված է նաև ձկնաբուծության ոլորտը և ունենք լիզինիգի աջակցման ծրագիր, որի շրջանակներում մինչև 1 մլրդ դրամի սահմաններում կարող ենք ձեռք բերել ձկնաբուծության համար նախատեսվող վերամշակող սարք սարքավորումներ։
Ձկնաբուծությամբ զբաղվող Սերգեյն ասում է՝ արտադրամասի վերակառուցման և արտադրական գործընթացի ավտոմատացման 70 տոկոսն իրականացրել է պետական աջակցության շնորհիվ։
Սերգեյ Դավթյան (ձկնաբուծական ընկերության համահիմնադիր) - Մենք օգտվել ենք գյուղմթերքի վերամշակման ծրագրից, ստացել ենք մոտավորապես 370 մլն դրամ վարկ և լիզինգ իրար հետ, կառուցել ենք արտադրամասը, գնել ենք սարքավորումները, սառնարանները:
Ստացած աջակցությամբ վերազինել են արտադրամասը նորագույն տեխնոլոգիաներով, հոսքագծերով ու սարքավորումներով։ Ներկայումս 50-ից ավելի աշխատակից ունեն։
Արման Մանուչարյան (ձկան արտադրամասի պատասխանատու) - Առաջին լողավազանից սկսվում է պրոցեսը, դատարկվում է կենդանի ձուկը, էնտեղ արնազեղման պրոցեսն է կատարվում: Կես ժամ մնալուց հետո արդեն մաքրման պրոցեսն է սկսվում: Այստեղ արդեն փաթեթավորումն է:
Սանկտ Պետերբուրգից հրավիրվել է փորձառու տեխնոլոգ, որի պատրաստած ձկան փափկամիսը Ռուսաստանի Դաշնություն արտահանելիս այլևս չի փչանում՝ ծրագրի միջոցով ձեռք բերված սարքավորումների շնորհիվ։
Կիրիլ Բաղդադով (տեխնոլոգ) - Ես տեխնոլոգ եմ Սանկտ Պետերբուրգից: Սա ինդիկատոր է, որը սրսկում է հատուկ նյութեր ու հնարավորություն է տալիս 90 օր պահել ֆիլեն։ Թթվածին արտադրող, ջուրը խնայող աարքավորումների ձեռքբերման համար ևս գործում է պետական աջակցության ծրագիր՝ լիզինգի տեսքով: Նախատեսված 20 տոկոս կանխավճարի 10 տոկոսը տալիս է պետությունը։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան