Լիբանանը նոր վարչապետ ունի: Գործարար Նաջիբ Միքատին արդեն երկու անգամ եղել է այդ պաշտոնում: Նա պետք է փորձի ձևավորել կառավարություն և լուծել Լիբանանի քաղաքական ճգնաժամը, որ ուղեկցվում է սոցիալական խնդիրներով: Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին արդեն մի քանի անգամ ձախողել է կառավարություն կազմել: 66-ամյա Միքատին սուննի մահմեդական է: Նա ստացել է պատգամավորների ձայներից 72-ը և ուղևորվել նախագահ Միշել Աունի մոտ՝ պաշտոնապես նշանակվելու համար վարչապետի պաշտոնում:
*****
Իրանի նախագահ Հասան Ռոհանին դժգոհել է Թուրքիայի կողմից գետերի ջրերի ոչ արդարացի օգտագործման կապակցությամբ: Ռոհանին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, հայտարարել է, որ բնապահպանության ոլորտում պետք է գործակցել տարածաշրջանի երկրների ու հարևանների հետ: Նրա խոսքով՝ հրատապ մի շարք հարցեր առնչվում են հարևան երկրներին, օրինակ՝ որոշ հարևաններ գետերի ջրերի օգտագործման հարցում չեն պահպանում արդարության սկզբունքը:
*****
Վրաստանում այսօվանից մեկնարկում են «Հստակ ոգի 2021» բազմազգ զորավարժությունները։ Ամերիկացի զինծառայողները, նաև ամերիկյան տեխնիկան ու ուղղաթիռներն արդեն ժամանել են Վրաստան: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը: «Agile Spirit 2021»-ը վարժանքները Վրաստանում անցկացվում են տասներորդ անգամ: Հաղորդվել էր, որ այս տարի դրանց կմասնակցի 2500 զինծառայող Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինծառայողներ են, ևս 700-ը՝ ամերիկացի:
*****
Թունիսում քաղաքական ճգնաժամ է: Երկրի նախագահ Քաիս Սաիդը պաշտոնանկ է արել վարչապետ Հիշամ Մաշիշին և սառեցրել է խորհրդարանի՝ ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի աշխատանքը: Վարչապետին հեռացնելուց բացի, պետության ղեկավարն անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանականներին և արգելել է խոսնակին, բոլոր պատգամավորներին ու մի շարք պետական պաշտոնյաներին հեռանալ երկրից: Քաղաքական գործչի որոշումներից հետո կառավարական զորքերը մտել են Թունիսի մայրաքաղաք: Զինվորականները տեղակայվել են քաղաքի կենտրոնում, շրջապափակել են կառավարության և խորհրդարանի շենքերը: Նախագահը համապատասխան հրամանագրերն ստորագրել է հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին: Ցուցարարները պահանջում են վերացնել կոռուպցիան, լուծարել խորհրդարանը և հետապնդել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման մեղավորներին: