Հայաստանում պատվաստումային շարժական բոլոր կայաններում շուտով կգործարկվի գրանցման էլեկտրոնային համակարգը: Առաջինն արդեն գործարկվել է Հյուսիսային պողոտայում գտնվող պատվաստումային կետում: Համակարգն ունի գրանցման երեք պատուհան. մեկը՝ Հայաստանի քաղաքացիների, մյուսը՝ կացության քարտ ունեցողների, իսկ երրորդը՝ օտարերկրացիների համար:
Լուսինե Հովհաննիսյան (Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից) - Անկախ նրանից, թե ես այդ պահին քանի հոգի ունեմ գրանցած օտարերկրյա քաղաքացի, այդ պահին մոտեցավ ՀՀ քաղաքացի գրանցվեց, առաջնային սկզբունքով համակարգն ավտոմատ, ինքնին հերթերից առաջ կանչում է ՀՀ քաղաքացուն:
Էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ չկա մարդկանց կուտակում և աղմուկ, ամեն ինչ կանոնակարգված է՝ ասում է Հովհաննիսյանը: Համակարգը բաղկացած է երկու բաժնից՝ «Պատվաստում» և «Խորհրդատվություն»: Խորհրդատվության դեպքում ևս գործում է նույն սկզբունքը՝ մարդը գրանցվում է, սպասում իր հերթին ու մոտենում համապատասխան պատուհանին:
Լուսինե Հովհաննիսյան - Ելնելով համակարգի արդյունավետությունից՝ մտադրություն ունենք նաև ընդլայնել մեր բոլոր հիմնական կետերում, ինչքան կետեր ունենք բոլոր տեղերում կներդնենք ինձ թվում է:
Երևանում գործող պատվաստումային շարժական կետերից ամենաակտիվը Հյուսիսային պողոտայում տեղակայվածն է՝ զբոսաշրջիկներն այստեղ ավելի շատ են: Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը նշում է՝ շարժական մյուս կետերում նույնպես վերջին օրերին ակտիվություն է նկատվում՝ հատկապես Հայաստանի քաղաքացիների պատվաստման առումով:
Հայկ Միլիտոնյան (Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, պատվաստումային շարժական կետի աշխատանքները համակարգող թիմի անդամ) - Քաղաքում գործում է 5 շրջիկ պատվաստման կետ, օրական միջինը պատվաստվում է մինչև 200-220 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ և այլ երկրի քաղաքացիներ:
Պատվաստման գործընթացի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև նոր կարգը: Ըստ դրա՝ օտարերկրացիները կարող են պատվաստվել, եթե Հայաստանում են գտնվում ոչ պակաս, քան 10 օր:
Հայկ Միլիտոնյան - Էլեկտրոնային համակարգում այլ երկրի քաղաքացիներին գրանցելուց առաջ առաջին հերթին նայում ենք նրանց անձնագրերի տվյալները, այսինքն՝ տեսնում ենք՝ եթե մարդը արդեն 10 օր գտնվում է ՀՀ-ում, նոր հերթագրում ենք, տալիս ենք նրան կտրոնը, այլ երկրի քաղաքացին սպասում է հերթին, մոտենում ու ստանում է պատվաստանյութը:
Միլիտոնյանի խոսքով՝ պատվաստումներն ընթանում են բնականոն հունով, օրեցօր պատվաստվել ցանկացող Հայաստանի քաղաքացիների թիվն ավելանում է: Դա կօգնի ավելի արդյունավետ պայքարել համավարակի դեմ: