Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 26-ին, մերժեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ Բեքմեզյանը, Մակյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը և Քոչարյանը:
Որոշման հրապարակումից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը։
«Ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Խորհուրդը, սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,- նշեց նա: