ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինին և Գուս Բիլիրակիսը կոչ են անում Պետքարտուղարությանը՝ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի ամերիկյան տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաների տրամադրումը, մինչև պաշտոնական հետաքննություն չանցկացվի Կովկասում, Հարավային Ասիայում, Միջերկրականի արևելքում և ամբողջ աշխարհում Թուրքիայի անօդաչուների ապակայունացնող դերի առնչությամբ։ Նրանք այդ պահանջով նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
«Թուրքիայի գործողությունները շարունակում են հակասել նրա պարտականություններին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի՝ չնայած պատժամիջոցների կիրառմանը: Անցած տարի թուրքական անօդաչուներն Ադրբեջանն օգտագործել է Արցախի բնակիչների դեմ, Սիրիայում, ԴԱԵՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ գործընկեր քրդերի դեմ, Լիբիայի քաղաքացիական պատերազմում: Թուրքիան անօդաչու սարքերի վաճառքի պայմանագրեր է կնքել Լեհաստանի, Պակիստանի հետ, նաև ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության պայմանագրեր Ռուսաստանի և Պակիստանի հետ: Թուրքիան հայտնել է նաև օկուպացրած Կիպրոսում անօդաչու թռչող սարքերի բազա հիմնելու մտադրության մասին: Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի թեժ կետերում իրադրությունն ապակայունացնելու անօդաչուների ներուժը չի կարելի անտեսել»:
Սա նամակից հատված էր, որում կոչ է արվում պետքարտուղար Էնթոնի Բլինքենին զեկույց ներկայացնել Թուրքիայում անօդաչուների արդյունաբերության մասին՝ ներառո՞ւմ է արդյոք այն ամերիկյան տեխնոլոգիաներ՝ խախտելով հիմա գործող պատժամիջոցները, և ՆԱՏՕ-ի կանոնների և կանոնադրության հերթական խախտում չե՞ն արդյոք Անկարայի գործողությունները: Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին միանալ այս նամակին: Մինչև ԱՄՆ պետքարտուղարը կարձագանքի կոնգրեսականների ուղերձին, Կանադան չեղյալ համարեց Թուրքիային անօդաչուների մասեր արտահանելու արգելքը: Դա նշանակում է, որ պատերազմի օրերին կասեցրած արտահանումը նորից կշարունակվի: Կանադան Թուրքիային է տրամադրում Բայրաքթար հարվածային դրոնների տեսախցիկ- դիտարկման համակարգերը: Կառավարության զեկույցում բացատրություն կա, թե ինչու Կանադան որոշեց նորից զինել Անկարային:
Փոփոխության պատճառը եղել են իրավիճակի կայունացումը Սիրիայում, տարածաշրջանային անվտանգությունն ու Կանադա-Թուրքիա երկկողմ հարաբերությունները: Այս հարաբերություններն ունեն թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչ:
Թուրքիան կանադական ռազմամթերքի 4-րդ ներկրողն է աշխարհում, և երկու պետությունն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Ավելի վաղ իրենց կառավարությանը Թուրքիային չզինելու կոչ արել էին նաև Բելգիայի հասարակական կազմակերպությունները: