Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ բուժհաստատությունը համալրվել է նոր սարքավորումներով, բացի դրանից՝ որոշ բաժանմունքներ վերանորոգվել են:
««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամբողջովին կերպարանափոխվել ու իր դռներն է բացել՝ կահավորված, սարքավորումներով համալրված, վերանորոգված, ամբողջ փիլիսոփայությունը վերանայված: Այս պետական ամենամեծ բժշկական կենտրոնն անընդհատ լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Ամբողջ համալիրը, որը բաղկացած է նաև ծննդատնից ու պոլիկլինիկական ծառայությունից, պիտի բերենք այս մակարդակի: Վերանորոգումները սկսվել են հենց շքամուտքից, ամբողջովին վերակառուցվել է մեր բակային հատվածը, արվել են մի շարք հիմնարար փոփոխություններ: Ամբողջովին վերանորոգվել են ու հագեցվել մի շարք բաժանմունքներ»,- ասել է Ավանեսյանը:
Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխություններն իրականացվել են այն ժամանակ, երբ բուժհաստատությունը զուգահեռաբար սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին:
2020 թվականի ապրիլի 2-ից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարող կենտրոն:
«Այս թափը, որ հավաքել ենք պետական հիվանդանոցների ամբողջական վերակառուցման, վերազինման, դրանց կոնցեպտուալ փոփոխության, պետք է շարունակական լինի»,- հավելել է Ավանեսյանը: