«Արվեստանոց» պարբերականի առաջին համարն է: Հայ կերպարվեստի, նկարիչների ու քանդակագործների գործունեությունը կամփոփվի մեկ պարբերականում: Հայաստանի նկարիչների միության Արվեստանոցում կլինեն արվեստագետները, նրանց ստեղծագործություններն ու ցուցահանդեսները:
Լևոն Աբրահամյան (ՀՀ նկարիչների միության փոխնախագահ) - Ընդհանրապես, պատմության մեջ, կարծում եմ՝ առաջին անգամ, նման պարբերական է լույս տեսնում, որն առաջին համարում, իհարկե, ոչ այդքան ծավալուն, բայց հետագայում ամբողջությամբ ծավալուն կներկայացնի հայ կերպարվեստին նվիրված իրադարձություններ, հեղինակներ:
Առայժմ պարբերականը կթողարկվի երեք ամիսը մեկ: Առաջին համարն անվճար տրամադրվել է այցելուներին, կերպարվեստով հետաքրքրվողներին, մյուսները խորհրդանշական գումարով կվճառեն, որ ամսագրի ծավալը մեծացնեն:
Լևոն Աբրահամյան - Երկրորդում նախատեսում ենք բավականին ծավալուն էջեր, արվեստանոցներ այցելություն:
Նկարիչների միության փոխնախագահի խոսքով՝ ցուցահանդեսների պակաս չունեն, շատ նկարիչներ հաջողություններ են ունենում նաև արտերկրում, ու հայ հասարակությունը ևս պետք է այս մասին իմանա: Հենց դրա համար է «Արվեստանոցը»:
Լևոն Աբրահամյան - Սա մեր գարնանային Սալոն պատկերներն են ցուցահանդեսից. տարբեր նկարիչների:
Այս համարում կան էջեր՝ նվիրված նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանին: Նա է 1932-ին հիմնադրել Նկարիչների միությունը: Արվեստանոցում շատ են նաև ցուցահանդեսների վերաբերյալ մասնագիտական կարծիքները:
Լևոն Աբրահամյան - Սա, կարծում եմ, մեծ ոգևորություն կլինի, որ նկարիչները էլ ավելի ակտիվանան և սա զտված պարբերական է լինելու, կարծում եմ՝ ոչ բոլորը կընդգրկվեն այստեղ:
Համոզված է՝ արտերկրում ու Հայաստանում բուռն ստեղծագործական գործունեություն ծավալող հայ նկարիչներն իրենց ուրույն տեղը վստահաբար կունենան: Պարբերականի ամեն համարում կընտրվի մեկ նկար, որը հավելվածով շարժական դարձնելու հնարավորություն կունենա: Միջազգային հանրությանն էլ Արվեստանոցը հասանելի դարձնելու համար առաջիկայում նախատեսում են այն թողարկել նաև այլ լեզուներով: