Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերությանը վերաբերող երրորդ ազգային զեկույցը, որում մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայացվել են 2019-ի դրությամբ մի շարք տվյալներ՝ արդյունահանման, արտահանման, դրա ուղղությունների, համայնքներին ու պետական բյուջե վճարված միջոցների վերաբերյալ։
«Լուրեր»-ն առանձնացրել է զեկույցի մի շարք ուշագրավ տվյալներ.
Մետաղական հանքարդյունաբերության արտադրանքը
Ըստ զեկույցի՝ հանքարդյունաբերողների կողմից իրենց տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում ընդհանուր մետաղական հանքարդյունաբերության արտադրության ծավալի 55 տոկոսը կազմում է պղնձի խտանյութի արտադրությունը, 20 տոկոսը՝ ոսկու և արծաթի ձուլակտորների արտադրությունը, 19 տոկոսը՝ ֆեռոմոլիբդենի արտադրությունը։ Պղնձի ու ֆեռոմոլիբդենի հիմնական արտադրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երկրորդ տեղում Թեղուտի հանքավայրից արդյունահանվող պղինձն է, երրորդը՝ Ագարակի պղնձամոլիբդենայինը։ Ընդհանուր առմամբ 2019-ին պղնձի արդյունահանմամբ զբաղվել է 5 ընկերություն, իսկ արտադրանքի արժեքը կազմել է 143.3 միլիարդ դրամ։ Վերը նշված երեք ընկերությունները նաև մոլիբդեն են արտադրում, ու 2019-ին գումարային արժեքով այն կազմել է 5.7 միլիարդ դրամ, իսկ ֆեռոմոլիբդեն արտադրում է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ նշված տարում 48 միլիարդ դրամի չափով։
2019-ին ոսկու արտադրությամբ զբաղվել են երկու խոշոր ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ գոլդն» ու «Մեղրաձոր գոլդը». նրանցից առաջինը արտադրել է 52.7 միլիարդ դրամի ոսկի ու արծաթ պարունակող դորե ձուլակտոր, իսկ երկրորդը՝ 1.6 միլիարդի։ Ընդհանուր առմամբ մետաղական արտադրանքի ներքին իրացման ծավալները 2019-ին նվազել են. ըստ զեկույցի՝ Մեղրասարի ոսկու հանքը շահագործող «ԱՏ մետալս» ընկերությունը, որի բաժնետերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Համլետ Հովսեփյանն ու իր որդիներն են, 294 միլիոն դրամի ոսկու պարունակությամբ խտանյութ են վաճառել «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ «ԱՖԶ պրոդաքշն» ՍՊԸ-ին 373 միլիոն դրամի մոլիբդենի խտանյութ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 7 միլիոն դրամի ֆեռոմոլիբդեն է վաճառել «Ասկե գրուպին». վերջինս պողպատաձուլական խոշոր ձեռնարկություն է ու պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին։
Ո՞ւր ենք արտահանում խտանյութը
2019-ին Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքի մեջ մետաղական հանքարդյունաբերության արտադրանքի արտահանմումը կազմել է մոտ 40 տոկոս՝ գումարային արտահայտությամբ ավելի քան 1 միլիարդ դոլար։ Սրա մեծ մասը պղնձի խտանյութի արտահանումն է, ապա՝ ոսկու խտանյութը, իսկ ծավալով երրորդը ֆեռոմոլիբդենն է։ Հիմնական ուղղությունը դեպի Բուլղարիա, Շվեյցարիա ու Չինաստան է։ Պղնձի խտանյութի արտահանումը դեպի Շվեյցարիա հետևողականորեն աճում է վերջին երեք տարիների ընթացքում։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2019-ին 118.7 միլիոն դոլարի արտահանում է իրականացրել դեպի Չինաստան, իսկ 213.3 միլիոն դոլարի՝ Բուլղարիա։ 58.6 միլիոն դոլարի դեպի Կանադա արտահանում իրականացրել է «Չաարատ Կապանը», իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ն դեպի Շվեյցարիա 53.1 միլիոն դոլարի պղնձի խտանյութ է արտահանել։
Մոլիբդենի ու ֆեռոմոլիբդենի արտահանմամբ հիմնականանում զբաղվել են Զանգեզուրի ու Ագարակի պղնձամոլիբդենայինները։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 142.2 միլիոն դոլարի ֆեռոմոլիբդեն է արտահանել դեպի Ռուսաստան ու Հոլանդիա, իսկ Ագարակի պղնձամոլիբդենայինը եվրոպական երկրներ 7.4 միլիոն դոլարի մոլիբդենի խտանյութ է արտահանել։
2019-ին աճել է անմշակ ու կիսամշակ ոսկու արտահանումը Հայաստանից։ Ըստ ԱՃԹՆ զեկույցի՝ հիմնական ուղղությունը եղել է Շվեյցարիան, իսկ արտահանման ծավալը կազմել է 224 միլիոն դոլար։ Անմշակ, կիսամշակ ոսկի մինչև 2017-ն արտահանում էինք նաև դեպի Կանադա, սակայն վերջին երկու տարիներին ընդհանուր արտահանման կառուցվածքի մեջ այս երկրի մասնաբաժինը գրեթե զրոյացել է։ Երկրորդ ուղղությունը Իտալիան է, այստեղ արտահանվել է 8 միլիոն դոլարի ապրանք։ Ոսկու պարունակությամբ մետաղները Հայաստանից արտահանվում են հիմնականում Շվեյցարիա, իսկ արտահանողը «Գեոպրոմայնինգ գոլդն» է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ 2019-ին այս ընկերությունը 216 միլիոն դոլարի արտահանում է իրականացրել, ևս 3.3 միլիոն դոլարի արտահանում իրականացրել է «Մեղրաձոր գոլդը»։
ԱՃԹՆ նախորդ զեկույցներում կային տվյալներ նաև, թե արտասահմանյան որ ընկերությունն է հանդիսացել գնորդ կողմ, սակայն վերջին զեկույցում այս տվյալը բացակայում է, նշվում է միայն ուղղությունը։
Համայնքների ու պետության հարկերն ու տուրքերը
2019-ին ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետությանը վճարած հարկերը ընդհանուր պետական եկամուտների մեջ կազմել են 5.4 տոկոս, այս ոլորտի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։ 2019-ին բոլոր հանքարդյունաբերողները միասին վճարել են մոտ 85 միլիարդ դրամի հարկ, իսկ այդ գումարի կեսից ավելին վճարում է հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։ Հարկերի չափով երկրորդ խոշոր հանքարդյունաբերողը «Գեոպրոմյանինգ գոլդն» է, 23.5 միլիարդ դրամի վճարած հարկով, իսկ երրորդը «Չաարատ Կապանն» է՝ 4.8 միլիարդի վճարած հարկով։
Ընդերքօգտագործողներից 2019-ին համայնքային բյուջեներ մուտք է եղել 1.4 միլիարդ դրամ։ Այս գումարի մոտ 90 տոկոսը վարձավճարներն են։ Ինչպես հայտնի է, հանքարդյունաբերողները հանքավայրի տարածքները վարձակալում են համայնքներից և 2019-ին վարձակալության դիմաց համայնքներին վճարել են 910 միլիոն դրամ (հիմնականում Լոռու ու Սյունիքի համայնքներում), ևս 68 միլիոն դրամ էլ՝ գույքահարկ։ 2019-ին մետաղական հանքարդյունաբերողները ավելի քան 4 միլիարդ դրամի նվրատվություն են կատարել։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը 53 երկրի մասնակցությամբ ստեղծված ստանդարտ է, որը վերաբերում է բնական պաշարների հաշվետու կառավարմանը։ Նախաձեռնությունը գործում է կառավարության, հանքարդյունաբերողների ու քաղաքացիական հասարակության կոալիցիայի միջոցով։ Այս նախաձեռնության նշանակալի գործողություններից է իրական շահառուների բացահայտման գործընթացը, որը ԱՃԹՆ-ին անդամակցելիս Հայաստանը պարտավորվել էր իրականացնել։