Քաղաքացիական անձանց զոհերի և տուժածների թիվը Աֆղանստանում 2021-ի առաջին կեսին հասել է ռեկորդային բարձր մակարդակի, մայիսին բռնությունների կտրուկ աճ է գրանցվել հատկապես օտարերկրյա ուժերի դուրսբերման ֆոնին՝ ասված է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության տարածած հայտարարության մեջ՝ գրում է ТАСС-ը:
Ըստ ներկայացված տվյալների՝ քաղաքացիական անձանց զոհերի և վիրավորների թիվը 5183 է (1659 զոհ և 3254 վիրավոր), ինչը 47%-ով ավելին է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Թալիբների և աֆղանական առաջնորդներին կոչ եմ անում ուշադրություն դարձնել հակամարտության մռայլ հետագծին և դրա կործանարար ազդեցությանը խաղաղ բնակչության վրա»,- ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լիոնսը:
ՄԱԿ-ը «Թալիբանին» և կառավարությանը կոչ է անում «ակտիվացնել բանակցային գործընթացը, դադարեցնել աֆղանցիների միջև առճակատումը, պաշտպանել Աֆղանստանի ժողովրդին և նրան ավելի լավ ապագայի հույս տալ»:
Միջազգային կազմակերպությունը բռնության մեջ մեղադրում է հիմնականում հակակառավարական ուժերին՝ «Թալիբանին» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Պատասխանատվության մի մասն էլ Աֆղանստանում գտնվող բանակի, անվտանգության ուժերի և իշխանամետ ուժերի վրա է: