«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան, ՔՊ վարչության անդամ - Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Սիմոնյանը շեշտեց՝ ստեղծվելիք հանձնաժողովի լիազորությունը չի տրվելու պաշտպանության հանձնաժողովին, առանց մանրամասներ նշելու՝ հավելեց՝ այլ ձևաչափ է լինելու: Պետք է օրենսդրական այնպիսի լուծումներ գտնեն, որ կազմում լինեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Ալեն Սիմոնյան - Արտախորհրդարանական բոլոր ուժերի մասին է խոսքը: Կարող եք որպես հիմնական հավակնորդ համարել այն ֆորմատը, որն ստեղծվել է վարչապետի կողմից:
Այն, որ նախաձեռնողն իշխող ուժն է, հնարավոր է, որ դրա օբյեկտիվությունն ընդդիմության կողմից դրվի կասկածի տակ՝ հատկապես, որ նման քննարկումներ եղել են հետպատերազմյան փուլում:
Ալեն Սիմոնյան - ՀՀ ժողովուրդն այդ հարցերի պատասխանը տվեց հունիսի 20-ին: Այդ որոշումը քննարկել, կարծում եմ, որևիցե մեկը չի համարձակվի:
Օգոստոսի 2-ին նախատեսված է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այդ նիստում խորհրդարանը կընտրի նախագահ, տեղակալներ: Օրակարգում լինելու են նաև հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Օրենքով՝ ընտրությունը կատարվելու է հերթականությամբ. նախ երկու հանձնաժողով է ընտրելու ՔՊ-ն, ապա «Հայաստան» դաշինքը, այնուհետև կրկին ՔՊ-ն: Այդպես, մինչև «Հայաստան» դաշինքն ունենա 3 հանձնաժողով: «Պատիվ ունեմ» դաշինքը հնարավորություն չունի նախագահելու որևէ հանձնաժողովում:
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ ունեն նախընտրելի հանձնաժողովներ, սակայն սպասում են ընդդիմադիր գործընկերների հետ քննարկմանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրության հարցին, որոնցից երկուսը լինելու են իշխող, երրորդը՝ ընդդիմադիր ուժից, Սիմոնյանն ասաց՝ պետք է քննարկել և այդ հնարավորությունը տալ ընդիմմադիր երկրորդ ուժին: «Պատիվ ունեմ» դաշինքը, ըստ նրա, ունենալու է հանձնաժողովի մեկ փոխնախագահի պաշտոն:
«Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներինը՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: