Սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխա ամառային հանգիստը կանցկացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած ճամբարներում:
«Առաջին անգամ եմ ճամբարում: Այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է․ խաղում ենք, պարում, մրցումների մասնակցում, նոր գիտելիքներ ստանում, բայց ամենաշատն ինձ ընկերական միջավայրն է դուր գալիս: Արդեն նոր ընկերներ եմ ձեռք բերել, նրանց հետ ճամբարից հետո էլ կշփվենք»,- ասում է 12-ամյա Գայանե Հայրապետյանը:
Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած ամառային ճամբարներում հանգստացող երեխաներից է: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Գայանեն ծնողների, 5 քույրերի, 2 եղբայրների և հորեղբոր հետ Բերձորի Գողթանիկ համայնքից բնակության է տեղափոխվել Սյունիքի Գորայք համայնք: Ասում է՝ այս օրերն ամենաուրախն են վերջին ամիսների ընթացքում, միակ խանգարող հանգամանքը կարոտն է, բայց կարոտելով էլ պատրաստ է 20 օրից ավելի անցկացնել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն դրամ։ Երեխաները հանգստանալու են 2 հերթափոխով (յուրաքանչյուրում՝ 1600 մասնակից), 20 օր տևողությամբ։ Հյուրընկալող ճամբարներից («Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և «Գուգարք») «Լուսաբացում» այս օրերին հանգստանում է 350 երեխա: Ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը վստահեցնում է՝ ջանք չեն խնայում երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու համար. «Վստահորեն կարող եմ ասել, որ սա Կառավարության և ԿԳՄՍ նախարարության կարևոր և այս պահի համար անհրաժեշտ նախաձեռնություններից է: Պատերազմից հետո բոլորս, բայց՝ առաջնահերթ երեխաները, հոգեբանորեն վերականգնվելու, դրական լիցքեր ստանալու անհրաժեշտություն ունեն: Ամառային ճամբարի միջոցով նրանք կտրվում են հոգսերից, սովորում ջոկատավարներից և մեկը մյուսից: Մեր ճամբարն ունի լեզվաճանաչողական ուղղվածություն, երբ հարցնում էինք, թե երեխաներից ով որ լեզուն է ցանկանում ավելի խորն ուսումնասիրել, երեխաներից մեկն ասաց. «Իսկ մեր՝ Արցախի լեզուն չե՞նք ուսումնասիրելու»: Այդպես տարբեր մարզերից, Արցախից տեղափոխված երեխաներ սկսել են մեկը մյուսի բարբառը սովորել: Նույն բարբառով խոսելը ևս երեխաներին մտերմացնում է: Համոզված եմ՝ ճամբարներին մասնակից երեխաները և նրանց ընտանիքներն այս ծրագրից առանձնակի ջերմություն են ստանալու: Ինքներս դրա համար ջանք չենք խնայում»:
«Լուսաբաց» ճամբարի ջոկատավարները մեծ մասամբ հոգեբաններ, սոցիոլոգներ և լեզվաբաններ են: Նրանցից Նունե Սարիբեկյանը, ներկայացնելով ճամբարի առօրյան, ընդգծում է՝ կարևորում են ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային միջոցառումները. «Փորձում ենք երեխաների յուրաքանչյուր օրն անմոռանալի դարձնել: Նրանք իսկապես ուրախությամբ և սիրով են անցկացնում այս օրերը, ինչի վկայությունը պարբերաբար հնչող հարցն է՝ «Կարո՞ղ ենք 20 օրից ավելի շատ մնալ»: Առավոտյան պարտադիր նախավարժանք ենք կատարում, ունենք ստեղծագործական, կրթական բաղադրիչով տաղավարի ժամ, սպորտլանդիա: Բացի դրանից՝ կարգապահությունը, շրջակայքի մաքրությունը պահպանելու համար երեխաներին խրախուսելու տարբեր ձևեր ենք մտածել»:
Երեխաների հետաքրքիր ժամանցի մասին հոգացել է նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, որը հունիսի 22-ին «Լուսաբաց» ճամբարում կազմակերպել է «Ոսկե ճուտիկը» ներկայացման դիտումը: Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշել է, որ տեղեկանալով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության մասին՝ որոշել են անպայման այցելել երեխաներին. «Մտածեցինք երեխաների օրը հարստացնել նաև տիկնիկային ներկայացմամբ, չէ՞ որ Տիկնիկային թատրոնը միայն երևանցիների համար չէ: Այստեղ տարբեր մարզերից ժամանած երեխաներ են, և մեծ պատիվ է նրանց համար ներկայացում կազմակերպելը»:
«Ոսկե ճուտիկը» ներկայացմամբ տպավորված երեխաներից Էրիկ Մոսոյանը, որը Երևանի Աջափնյակ վարչական շրջանից է, ասում է՝ սա հերթական հետաքրքիր օրն էր. «Երբ հայրիկս ասաց, որ ճամբար եմ գնալու, շատ ուրախացա: Մեր ճամբարն իրոք շատ լավն է: Այստեղ նոր ընկերներ եմ ձեռք բերել: Ջոկատավարներն էլ շատ լավն են: Ցանկանում եմ նրանց հետ ճամբարից հետո էլ շփվել: Կուզեի 20 օրից ավելի մնալ»:
Ընկերոջը հավելում է Կարինա Բալայանը, ով ճամբար է եկել Վանաձորից. «Առաջին անգամ եմ ճամբարում, բայց ամեն ինչ այնքան լավ է անցնում, որ նորից ու նորից կգամ: Ամեն օրն ուրախությամբ և հետաքրքրությամբ ենք անցկացնում: Հաճախ անակնկալներ են լինում, ինչպես այսօրվա ներկայացումը: Պարեր, խաղեր, մրցումներ… Տխրում եմ, որ գնալու եմ, բայց նաև հասկանում եմ, որ մյուս երեխաներն էլ պիտի գան հանգստանալու»: