Շաբաթը, որ մեկնարկեց Երասխի ուղղությամբ մի քանի օր տևած փոխհրաձգությամբ և մարտերով, ըստ էության, թե՛ հանրությանը, թե միջազգային խաղացողներին ցույց տվեց, որ Արցախյան հակամարտությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև Բաքուն, իր առավելապաշտական նկրտումներով հանդերձ, կարող է տարածաշրջանում սանձազերծել գլոբալ անկայունություն, և որ դա, գոնե այդպես են պնդում որոշ փորձագետներ, տարածաշրջանը կարող է կանգնեցնել տոտալ աղետի առաջ: Ընդ որում, Երասխում իրավիճակի սրացման ժամանակահատվածը բնավ պատահական չէր ընտրված, քանի որ Ադրբեջանի նախագահը պետք է մեկներ Մոսկվա, որտեղ Պուտինի և Ալիևի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը պիտի դառնար Արցախյան հակամարտությունն ու դրա տեղի ունեցող գործընթացները: Ըստ երևույթին, Ալիևը որոշել էր գործի դնել Անկարայի կողմից բազմիցս փորձարկված խաղաքարը՝ շանտաժ գործողությամբ, որի նպատակը միջնորդի վրա որոշակի ճնշում գործադրելու միջոցով հակառակորդին հետքայլ անելուն հարկադրելն էր: Այս ռազմավարությունը չաշխատեց, քանի որ բանակցությունների հանրային հատվածում Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հիշեցրեց՝ փոխզիջումներն այլընտրանք չունեն:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին բնականաբար շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։
Ըստ երևույթին, ճանապարհների ընկալումները տարբերվում են ոչ միայն Երևանի և Բաքվի, այլև Բաքվի և Մոսկվայի միջև, քանի որ, և դա գրեթե ակնհայտ է, Վլադիմիր Պուտինը խոսում էր Արցախյան հակամարտության մասին, որի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը միայն կարող է բերել իրավիճակի որոշակի կայունացման: Այլ հարց է, որ Ալիևը շարունակում է պնդել, թե հակամարտությունը կարգավորվել է և գոյություն չունի, իսկ փոխզիջումների թեման անընդհատ փորձում է շեղել արդեն դեպի Հայաստանի սուվերեն տարածք: Ճիշտ է՝ պաշտոնական Երևանն արդեն քանիցս ու արդեն ոչ այնքան մեղմ բառամթերքով Բաքվին զգուշացրել է՝ Երևանի համբերությունն անսահման չէ, իսկ Հայաստանի սուվերեն տարածքը որևէ սակարկության առարկա դառնալ չի կարող:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կումունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակելու աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը...
Առաջարկը դեռ պիտի հասցվի Բաքվին և, դատելով ամենից, այդ հանձնառությունը ստանձնել է Արևմուտքը, որի ամենատարբեր ներկայացուցիչները վերջին շրջանում ոչ միայն պնդում են խաղաղ բանակցությունների վերսկսման հրատապության մասին, այլև ամենատարբեր հարթակներում ակնարկում են, որ տարածաշրջանը նոր ցնցումների մեջ ներքաշելու ցանկացած փորձ արժանանալու է չափազանց կոշտ վերաբերմունքի: Համենայնդեպս, որպես նման նախազգուշացում շատերն ընկալեցին նաև Հայաստանին օժանդակելու համար ԵՄ-ի նախատեսած 2մլրդ 600 մլն եվրոյի չափով օժանդակությունն՝ այն դեպքում, երբ Ադրբեջանին, ընդ որում միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում, Բրյուսելը նախատեսել է ընդամենը 150 մլն եվրոյի օժանդակություն: Ադրբեջանում այս ուղերձը նկատեցին, սակայն, դատելով Ալիևի արձագանքից, այնքան էլ ճիշտ չընկալեցին: Բաքուն հայտարարեց, որ սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք և անարդարության ցցուն օրինակ: Ասենք՝ նման չակերտյալ անարդարության զոհ Ադրբեջանը կարող է դառնալ արդեն երեքշաբթի, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովերից մեկը կարող է որոշում կայացնել՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը ներառելով Ներկայացուցիչների պալատի օրակարգում: