Անցյալ շաբաթ կնքված հուշագրի համաձայն արդեն եկող տարի Հայաստանն ազգային ավիափոխադրող կունենա: Ինչ է դա նշանակում: Հայկական ավիափոխադրողի առկայությունը նախ անվտանգության հարց է լուծում. երկու կողմից շրջափակված երկիրը կարող է սեփական հայեցողությամբ տնօրինել երկնքը: Մյուս կարևոր գործոնը բյուջե մուտքերի ավելացումն է՝ նոր թռիչքներով և տուրիզմի զարգացմամբ:
Ազգային ավիափոխադրող Հայաստանը հիմնում է խոշոր ներդրմամբ: Աշխարհի առաջատար՝ բյուջետային ավիափոխադրողներից մեկը՝ էմիրաթական Էյր Արաբիան դառնում է Երևանի գործընկերը: Ինչու է Հայաստանն ազգային փոխադրող ստեղծում ոչ թե միանձնյա, այլ արաբական ընկերության հետ: Մերոնք ուսումնասիրել են Արմավիայի անհաջող փորձն ու պնդում են, որ լավագույն տարբերակը փորձառու ընկերության հետ պատասխանատվությունը կիսելն է: Ի դեպ, չնչին տարբերությամբ, բայց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հայաստանինն է, սակայն գործնական որոշումների կայացումը վերապահված է Էյր Արաբիային: Բիզնեսը պետք է ոլորտի մասնագետները կառավարեն, համոզված են քաղավիացիայում:
Հայաստանի երկնքում սավառնել պատրաստվող ավիափոխադրողի մասին Անուշ Մուրադյանն է պատմում: