Հավաբուծություն, բենզալցակայանի սարքավորում, գեղեցկության սրահ, կարի արհեստանոց՝ այսպես 400-ից ավելի բիզնես գաղափար վիրավորում ստացած զինվորները ներկայացրել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնած դրամաշնորհային մրցույթին: 7-ն արդեն ընտրվել ու ստացել են ֆինանսավորում՝ ընդհանուր 14 մլն դրամ:
7-ից մեկը Մեսրոպ Սարիբեկյանն է՝ Հրազդանից: Պատերազմի օրերին Ռուսաստանից է եկել Հայաստան, կամավորագրվել:
Ռազմի դաշտից վերականգնողական կենտրոն, զոդողից՝ լուսանկարիչ: Առաջին անգամ ձեռքը ֆոտոխցիկ վերցրել է հենց այստեղ: Նոր հմտությունն էլ կդառնա նոր բիզնեսի հիմք:
Դրամաշնորհային ֆինանսավորմամբ ձեռք է բերելու ֆոտոխցիկ ու անցնի գործի, բայց ոչ միայնակ: Իր ծրագրում ընդգրկել է նաև վերականգնողական կենտրոնի մեկ այլ տղայի:
Գործակցելու համար մի քանի ընկերության հետ արդեն պայմանավորվել է, իսկ հեռահար նպատակը մի օր ցուցահանդես ունենալն է՝ Հայաստանի եկեղեցիները լուսաբացին:
Գագիկի նպատակն էլ դեռ չսկսած ընտանեկան բիզնեսը արագ մեծացնելն է:
Սառնարանային տնտեսություն հիմնելու բիզնես ծրագրով է հաղթել Գագիկը: Մրցույթի մասին իմացել էր վերջնաժամկետից 3 օր առաջ՝ իր ծննդյան օրը:
Որ մի օր գյուղատնտեսությամբ կամ բիզնեսով կզբաղվեր՝ երբեք չէր մտածել: 2 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը. 44-օրյա պատերազմի 43-րդ օրը ստացավ վիրավորում՝ Շուշիում: Մինչև բիզնեսն ամուր հիմքի վրա կանգնի, կշարունակի աշխատել հացի փռում: Վերականգնողական կենտրոնից շատ տղաներ են տարբեր կազմակերպությունների հետ գործակցության արդյունքում արդեն անցել աշխատանքի:
Առողջանալ, կրթվել, գտնել աշխատանք, կազմել ընտանիք: Հաջողված օրինակը լավագույն խթանն է առաջ նայելու: Մուրադյանը երկու ձեռքը կորցրած Կարենին է օրինակ բերում՝ պրոթեզներով 36 շարժում կարող է անել, բայց նրա համար կարևորը մեկն է:
Վերականգնողական կենտրոնում և «Ազնավուր» հիմնադրամում վստահ են՝ վիրավոր զինվորի ֆիզիկական ու հոգեկան առողջության վերականգնումից ոչ պակաս կարևոր է սոցիալական ու տնտեսական վերականգնումը: Զինվորները սպասում են ծրագրի երկրորդ փուլին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան