Ծիրանափողի վարպետը դեռ նախորդ դարից աշխարհին ստիպում է հուզվել ու գնահատել հայ երաժշտարվեստը: Անվանի դուդուկահարի համաշխարհային հաղթերթը սկսվեց Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմով: Անգլիացի երգահան, ֆիլմի կոմպոզիտոր Պիտեր Գաբրիելը գասպարյանական կատարումից ցնցված՝ նոր հատված գրեց՝ հատուկ հայ դուդուկահարի համար:
«Քրիստոսի վերջին գայթակղությանը» հաջորդեց «Ռոնինը», «Օնեգինը», «Գլադիատորը», «Սիրանան», «Ձյուն և մոխիրը», «Արյունոտ ադամանդն» ու էլի շատ ու շատ ֆիլմեր, որոնք մեծ հեղինակություն բերեցին երաժշտին, բարձրացրին դուդուկի՝ հայ ժողովրդի ոգեղեն նվագարանի դերը:
Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ, «Սուրբ Մաշտոց» շքանշանի մեդալակիր, «Ոսկե գլոբուսի», «Գրեմմիի» մրցանակակիր և, իհարկե, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ջիվան Գասպարյան անունը անջնջելի հետք է թողել ոչ միայն հայկական մշակույթի, այլև համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ:
Հանդիսատեսը վերջին հրաժեշտը տվեց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Նա կյանքից հեռացավ 93 տարեկանում:
Գասպարյանի գործը շարունակելու են հաստատ՝ ասում են կրտսեր դուդուկահարները: Այն ժառանգությունը, որ թողել է նա, դեռ կզարմացնի աշխարհին:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան