Ջավախքի Գանձա գյուղում պատրաստվում են մշակութային կարևոր իրադարձության: Օրեր անց Վահան Տերյանի տուն-թանգարանի ժամանակակից լուծումներով հագեցած ցուցասրահը պաշտոնապես կբացվի: Մոտ մեկ տարի առաջ սկսված նորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում:
«Ջավախքին աջակցություն» հիմանադրամը 2019 թ. տերյանական օրերի ընթացքում հայտարարեց, որ մեծ բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնումն իրենց կարևորագույն ծրագրերից է: Ցուցասրահի նախագծի հեղինակներից մեկը՝ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, նշում է՝ հենց այդ օրվանից էլ սկսեցին հստակ քայլեր ձեռնարկել: Դեռ անելու շատ բան կա, տուն-թանգարանի հատվածը շարունակում է անմխիթար վիճակում մնալ:
Կազմակերպեցին ու շարունակում են կազմակերպել դրամահավաքներ: Ծրագիրը կյանքի է կոչվելու երեք փուլով. առաջինը տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումն էր, որը գրեթե ավարտված է: Հետո հերթը կհասնի տանը և ընդհանուր համալիրին:
Ցուցասրահի հատվածի բացումը նախատեսվում է օգոստոսի 1-ին: Պատասխանատուները վստահ են՝ այն դեպի Գանձա նաև զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի: