Մոլորակի ամենահարուստ մարդուն՝ «Ամազոնի» հիմնադիր Ջոզեֆ Բեզոսին հաջողվել է հատել մոլորակի և տիեզերքի սահմանը, այնուհետև բարեհաջող վայրէջք կատարել: Բեզոսի ընկերության տիեզերանավը հասել է 107 կմ բարձունքի՝ զարգացնելով ժամում 3595 կմ արագություն:
Այսպիսով՝ Blue Origin-ը դարձավ երկրորդ մասնավոր ընկերությունը, որին հաջողվեց թռիչք կատարել տիեզերք: Բեզոսի այս ձեռքբերումը նոր նախադրյալներ է ստեղծում տիեզերական զբոսաշրջության համար: Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է կազմակերպել ճանապարհորդություն տիեզերք բոլոր նրանց համար, ովքեր ունեն ցանկություն և ֆինանսական միջոցներ:
***
Ավելի վաղ նմանատիպ թռիչք էր կատարել մեկ այլ մասնավոր ընկերության՝ Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բռենսոնը: Ի տարբերություն նրա ընկերությանը, Blue Origin-ը ներկայացված չէ ֆոնդային բորսայում: Մրցակցի հաջող թռիչքը փլուզել է Virgin Galactic-ի արժեթղթերի գինը: Ընկերությունը 10 օրում արժեզրկվել է մոտ 30 տոկոսով:
Սակայն, արդեն իսկ պարզ է, որ ապագայում հենց այս երկու ընկերություններն են լինելու առաջատարները տիեզերական մասնավոր թռիչքների կազմակերպման ոլորտում:
***
Ներդրողների ուշադրությունն այս շաբաթ ուղղված էր չինական ընկերություններին: Չինաստանի կառավարությունը DIDI տաքսի ծառայությանն առնչվող քննություն է սկսել՝ օգտատերերի տվյալների հնարավոր արտահոսքի պատճառով: Դրա հետևանքով DIDI-ն արժեզրկվել է ավելի քան 50 տոկոսով: Ներդրողներն այժմ ձգտում են ազատվել չինական ընկերությունների արժեթղթերից: Մյուս կողմից՝ դրանք այժմ իրենց իրական արժեքից շատ ավելի ցածր են վաճառվում, ինչը ռիսկային ներդրումների համար լավ հող է ստեղծում:
***
Շաբաթն անհանգիստ էր նավթի շուկայում: Երկուշաբթի «սև ոսկու» գինը նվազել էր 8 տոկոսով՝ 74 դոլարից հասնելով 67-ի: Դա տեղի է ունեցել «ՕՊԵԿ պլյուսի» որոշումից հետո՝ ավելացնել արդյունահանման ծավալները: Շաբաթվա վերջին նավթին հաջողվել է վերականգնել դիրքերը: Մեկ բարելի գինն այժմ 73,5 դոլար է:
***
Երբևէ արձանագրած առավելագույն արժեքին է մոտենում պղնձի գինը: Հայաստանի համար չափազանց կարևոր այս մետաղի համար այժմ առաջարկվում է 9822 դոլար՝ մեկ տոննայի դիմաց: Ամենաբարձր գինն այս տարվա մայիսին էր՝ 10500 դոլար:
***
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն այս շաբաթ հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: Դրանք այս տարվա առաջին կիսամյակում միասին պետական բյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է մոտ 50 մլրդ դրամով կամ 9.3%-ով:
Առաջին եռյակում են «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և պաշտպանության նախարարությունը: