Խորհրդակցեց գիտական ղեկավարի հետ, ձևակերպեց մի քանի խնդիրներ, դիմեց Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության ծրագրին, ստացավ դրամաշնորհ: Աշխատանքի թեման՝ «Որոշ քվանտային երևույթներ կոսմոլոգիական մոդելներում»:
Տիգրան Պետրոսյան (ԵՊՀ ասպիրանտ) - Քվանտային երևույթներից ավելի մանրամասն ուսումնասիրվում են Կազիմիրի և Ահարոնովի էֆեկտները, ուսումնասիրվում են գրավիտացիայի սահմանների ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա:
Ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին Տիգրան Պետրոսյանը հետաքրքրված էր կոսմոլոգիայով և քվանտային ֆիզիկայով: Ավարտական թեզը «Կազիմիրի էֆեկտն» էր մինի տիեզերքում: Խոսքը դաշտի քվանտային տեսության ամենահայտնի երևույթի մասին է, իսկ մինի տիեզերքը կոսմոլոգիայում տիեզերքի տարածաժամանակի մոդելներից է:
Տիգրան Պետրոսյան - Ահռելի նշանակություն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար տեսանկյունից:
Քվանտային երևույթների աշխատանքներում դիտարկում են սկալյար և ֆերմենային դաշտերը: Սա յուրահատուկ է նրանով, որ կոսմոլոգիայում առավել հաճախ կիրառվող մոդելներից է, նկարագրում է տիեզերքի էվոլյուցիան վաղ փուլերում:
Տիգրան Պետրոսյան - Դիտողական տվյալները փաստում են, որ տիեզերքը ընդարձակվում է, ընդ որում՝ այդ ընդարձակումը տեղի է ունենում արագացումով: Այսինքն՝ ամեն հաջորդ պահին ավելի է ընդարձակվում:
Տիեզերքի մեզ հասանելի մասի շուրջ 68 տոկոսը կազմում է մութ էներգիան, 26 տոկոսը մութ նյութն է, մնացած 5 տոկոսը կազմում է այն սովորական նյութը, որից կազմված են աստղերը, գալակտիկաները, մոլորակները: Հետազոտությունները ցույց են տվել, որ տիեզերքի ընդարձակումը արագացումով պայմանավորված է մութ էներգիայի գաղափարով:
Տիգրան Պետրոսյան - Առայժմ գոյություն չունի քվանտային գրավիտացիայի տեսություն, և աշխարհի ֆիզիկոսները ակտիվ աշխատում են այդպիսի տեսության ստեղծման ուղղությամբ:
Խնդիրը նրանում է, որ պետք է քվանտացնել տարածությունը և ժամանակը: Այս տեսության բացակայության պարագայում հիմա հետազոտություններն իրականացվում են այսպես կոչված կորտարածաժամանակում դաշտի քվանտային տեսության շրջանակներում:
Տիգրան Պետրոսյան - Քվանտային գրավիտացիայի տեսության ստեղծումը թույլ կտա միավորել բնության չորս հիմնարար փոխազդեցությունները՝ գրավիտացիոն, էլեկտրամագնիսական, թույլ և ուժեղ: Առայժմ գրավիտացիոն տեսությունը Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում է բացատրվում:
Կոսմոլոգիայում և գրավիտացիոն ֆիզիկայում որպես սահմաններ նշվում է բռանները և հորիզոնները: Իսկ կոնդենսացված վիճակի ֆիզիկայում սահմանների վառ օրինակ է գրաֆենից պատրաստված նանոկառուցվածքների եզրերը: Անհայտները շատ են, իսկ դաշտի քվանտային տեսությունը վերջին շրջանում դարձել է պահանջված ուղղություն:
Տիգրան Պետրոսյան - Մասնավորապես վերջին աշխատանքը այդ թեմաներով վերաբերում էր նրան, որ մենք հաշվել ենք ֆերմենային կոնդենսատը զրոյական ջերմաստիճանում հատած կոնի վրա, երբ կոնի միջով անցնում է մագնիսական հոսք:
Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է, որ հիմնարար հետազոտությունների տեսանկյունից ի հայտ կգան նոր տեխնոլոգիաներ: Կիրառական տեսանկյունից հիմա լաբորատորիայում հնարավոր է կատարել փորձեր, որոնք մեծ ճշտությամբ համընկնում են տեսականում ստացված արդյունքների հետ: