Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները չեն բացառում, որ Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի նաև Դելտա շտամը: COVID-19-ի այլ տեսակների համեմատ, այն ունի կլինիկական դրսևորման որոշ առանձնահատկություններ:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Երկու անգամ ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները: Բավական խոցելի են այս շտամի նկատմամբ երեխաները: Օրինակ՝ ԱՄՆ-ում դեպքերի գրեթե 20%-ը պայմանավորած է այս շտամով, ԵՄ-ում՝ 90%-ը, մեր հարևան Վրաստանում բավական մեծ դեպքեր կան այս շտամով, ընդ որում՝ երեխաների շրջանում բավական տարածված է:
Վարակի տարածումը կանխելու լավագույն միջոցը մասնագետները համարում են պատվաստումը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների՝ կորոնավիրուսի հիմնական՝ 1-ին շտամով վարակված անձը կարող է վիրուսը փոխանցել միջինում 3 հոգու: Այս շտամը վերացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պատվաստվի ազգաբնակչության 67%-ը: Ալֆա շտամի վարակակիրը այն կարող է փոխանցել միջինում 4 անձի: Այս շտամի տարածումը կանխելուն կարող է նպաստել բնակչության շրջանում պատվաստումների 75% ցուցանիշը: Ամենից արագ տարածվող Դելտա շտամով վարակված անձը կարող է վիրուսը փոխանցել միջինում 6 հոգու: Դրա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ամենաբարձր՝ 83% պատվաստման ցուցանիշ:
Ռոմելլա Աբովյան - Շատ երկրներ արդեն խստացրել են սահմանափակումները՝ պայմանավորված այս վերջին շտամով, և հաշվի առնելով, որ այս հիվանդությունը շատ անկանխատեսելի դրսևորումներ է ունենում, ամեն ինչ հնարավոր է: Առանց այդ էլ ԱՀԿ-ն արդեն հորդորում է երկրներին, որպեսզի ուժեղացնեն և՛ սահմանափակումները, և՛ անվատանգության կանոնները պահպանեն և չի բացառում չորրորդ ալիքի ի հայտ գալը:
Հայաստանում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 228 հազար դեպք: Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի արագ աճ է արձանագրել:
Ռոմելլա Աբովյան - Մոտավորապես 49% դեպքերի աճ ունենք այս 14 օրվա մեջ, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ: Ընդ որում, մանկական ազգաբնակչության շրջանում դիտարկվում է դեպքերի աճ, բոլոր տարիքային խմբերում, 0-18 տարեկան տարիքային խմբերում ունենք աճ:
Կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված՝ փոխվել է նաև Հայաստանի գույնը Եվրոպական միության քարտեզում:
Ռոմելլա Աբովյան - Եթե նախորդ ամիս մենք գտնվում էինք Եվրոպական միության չափանիշներով կանաչ գոտում, այս պահի դրությամբ մենք արդեն նարնջագույն գոտում ենք:
Առողջապահական մարմիններն այս պահին մահճակալային ֆոնդի հետ կապված խնդիր չունեն, սակայն հիվանդության անկանխատեսելիությամբ պայմանավորված՝ չեն բացառում առաջիկայում նոր ուժերի ներգրավումը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան