ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստի ժամանակ ընդունել է Կիպրոսի Վարոշայի հարցով Թուրքիայի նոր դիրքորոշումը դատապարտող հայտարարություն և այն քննարկելու կոչ արել: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հայտարարությունն ընդունել են առանց մեկնաբանությունների: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատում է Վարոշա թաղամասը բացելու՝ թուրք և կիպրոսցի թուրք ղեկավարների՝ 2021 թ. հուլիսի 20-ին արված հայտարարությունը»,- նշվում է փաստաթղթի մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել այդ դիրքորոշումը»:
***
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել է հաջորդ տարի հաշվետվություն ներկայացնել Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի պահպանության գործողությունների վերաբերյալ: Թուրքիան պետք է զեկույցը ներկայացնի հաջորդ տարի՝ փետրվարի 1-ին։ Կառույցը կրկին խոր մտահոգություն է հայտնել անցյալ տարի Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածելու և դրա հետևանքների կապակցությամբ: Էրդողանի հրամանագրով համաշխարհային քրիստոնեական և մշակութային ժառանգության մաս համարվող Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերածվեց մզկիթի: 2020 թ. հուլիսի 24-ին Այա Սոֆիայում կատարվեց առաջին նամազը:
***
Վրաստանի հիվանդանոցներում COVID-ով վարակվածների համար նախատեսված մահճակալների պակաս կա: Խնդիրն արդիական է հատկապես մայրաքաղաքում: Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Վրաստանում պատվաստվել է առաջին երեխան: