Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանին և «Թումո» կենտրոնների զարգացման պատասխանատու Տիգրան Բաղիյանին:
Մարզպետը հետաքրքրվել է «Թումո» կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո տուփերի» և կենտրոնների հիմնադրման ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքների ընթացքից, ինչպես նաև քննարկվել են համագործակցության ներկա հնարավորությունները:
Հյուրերը ներկայացրել են, որ նախատեսում են Կոտայքի մարզում հիմնել 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական երկու «Թումո» կենտրոն և հարակից «Թումո տուփեր»՝ մասնագիտացված դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
Որպես ծրագրի իրականացման առարկայական և շոշափելի արդյունք, քննարկվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքում «Թումո տուփի» հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուրերին հայրենանվեր աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել, որպեսզի ծրագիրն ամբողջ ծավալով շատ կարճ ժամանակահատվածում կյանքի կոչվի Կոտայքի մարզում՝ միտված մասնակից պատանիների տեխնիկական հմտությունների զարգացմանը և տեխնոլոգիական կրթության յուրացմանը: