ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի որոշում կկայացնի՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգելափակելու վերաբերյալ փոփոխությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Փոփոխության վերաբերյալ բանաձևն առաջնորդում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներն ու մի խումբ կոնգրեսականներ: Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ՝ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը քննարկելիս:
*****
Թուրքիան մերժել է Ստամբուլի Այա Սոֆիա և Քարիե մզկիթների վերաբերյալ զեկույցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի պահանջները: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտարարել են, իբր զեկույցը գրվել է կանխակալ և քաղաքական նկատառումներից ելնելով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել էր հաջորդ տարի հաշվետվություն ներկայացնել Սուրբ Սոֆիայի տաճարի պահպանության գործողությունների վերաբերյալ: Թուրքիան պետք է զեկույցը ներկայացներ հաջորդ տարի՝ փետրվարի 1-ին։ Կառույցը կրկին խոր մտահոգություն է հայտնել անցյալ տարի Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածելու և դրա հետևանքների կապակցությամբ: Էրդողանի հրամանագրով՝ համաշխարհային քրիստոնեական և մշակութային ժառանգության մաս համարվող Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերածվեց մզկիթի: Մեկ տարի առաջ՝ այս օրը, Սուրբ Սոֆիայում իրականացվեց առաջին նամազը:
*****
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստի ժամանակ ընդունել է Կիպրոսի Վարոշայի հարցով Թուրքիայի նոր դիրքորոշումը դատապարտող հայտարարություն և այն քննարկելու կոչ արել: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հայտարարությունն ընդունել են առանց մեկնաբանությունների: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատում է Վարոշա թաղամասը բացելու թուրք և կիպրոսցի թուրք ղեկավարների՝ 2021 թ. հուլիսի 20-ին արված հայտարարությունը»,- նշվում է փաստաթղթի մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել այդ դիրքորոշումը»:
*****
Վրաստանի հիվանդանոցներում Քովիդով վարակվածների համար նախատեսված մահճակալների պակաս կա: Խնդիրն արդիական է հատկապես մայրաքաղաքում: Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Վրաստանում պատվաստվել է առաջին երեխան: