Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ ազգային փուլում հաղթած ռոբոտի վերջին շտկումներն են: Ֆիզմաթ դպրոցի սաները շուտով Գերմանիայում կմասնակցեն օլիմպիադայի հաջորդ փուլին:
Օրերս Հայաստանում կայացած մրցույթի թեման Էներգետիկայի ապագան է: Ֆիզմաթի թիմի անանուն ռոբոտը իր գործը լավ գիտի, շուտով պատրաստ կլինի՝ Գերմանիայում մարդկանց զարմացնելու:
Գևորգ Սարգսյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ) - Ռոբոտը շարժվում է սև գծերով, այդ ընթացքում լուծում է կազմակերպիչների կողմից տրված խնդիրը: Տվյալ պարագայում՝ էներգամատակարարումը՝ դեպի մարդկանց տներ:
Էներգիա հասցնող ռոբոտը դեռ փոքր է: Թիմակիցներով նպատակ ունեն այն զարգացնել՝ հետագայում վառելիքային էներգիայից հրաժարվելու, բնությունը չաղտոտելու համար:
Նարեկ Սարգսյան (աշակերտ) - Այս նախագիծը զարգացնելու դեպքում կկարողանանք ստեղծել մեծ մասշտաբների սարքեր, որոնք էլեկտրամատակարարումը կապահովեն մեծ քաղաքներում: Օգտվենք քամու, արևի էներգիայից:
Օլիպիադային այս թիմը 3 անգամ է մասնակցել ու միշտ գրանցել հաջողություններ:
Հարություն Ռոստոմյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ռոբոտաշինության խմբակի մարզիչ) - Հայաստանյան փուլը 6-րդ անգամ է կազմակերպվում: Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ դետալների պակասություններ, չնայած հիմա էլ կա, բայց հիմա ավելի լավ վիճակում ենք գտնվում:
Ֆիզմաթ դպրոցում նախատեսում են ստեղծել ռոբոտաշինության համար նոր լաբորատորիաներ: Աշխատանքներն արդեն սկսվել են, կահավորման գործում դպրոցում սպասում են բարերարների օգնությանը:
Հեղինակ՝ Անի Ավագյան