ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար, սենատոր Բոբ Մենենդեսը հարց է ուղղել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին՝ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար սիրիացի վարձկանների ապօրինի հավաքագրման հետ, որոնք անցյալ տարի օգտագործվել են Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում:
«Դուք տեղյա՞կ եք, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Թուրքիան նպաստել է Սիրիայից Ադրբեջան գրոհայինների տեղափոխմանը»,- հարցրել է Բոբ Մենենդեսը:
Վիկտորիա Նուլանդը, սակայն, չի ցանկացել հարցը քննարկել Կոնգրեսի բաց նիստում: Նա, մասնավորապես, պատասխանել է.
«Պարո՛ն կոնգրեսական, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այդ հարցը քննարկել մեկ այլ նիստում, եթե դեմ չեք»,- նշել է Նուլանդը:
Սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ որպես հավելում կցանկանար ԱՄՆ պետքարտուղարությունից տեղեկանալ՝ արդյոք պետքարտուղարությունը քննությո՞ւն է անցկացրել Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած ամերիկյան պահեստամասերով արտադրված թուրքական որևէ ԱԹՍ-ի գործով:
Ամերիկացի սենատորի հավաստմամբ՝ դա բացարձակապես անընդունելի է: