Գեղանկարիչ Ղազար Միրզոյանն ու բանաստեղծ Արշակ Ազարյանը վայրի թռչուններ են բուծում, մեծացնում և բաց թողնում մայր բնություն: Ահա, ընկերները փափուկ պայմաններում պահած թևավորներին տեղափոխեցին «Դիլիջան» ազգային պարկ» արգելոց և հանձնեցին բնությանը: Բնապահպանական ակցիային միացավ նաև Հաղարծին վանքի վանահայրը:
Սամվել վարդապետ Մխիթարյան (Հաղարծին վանքի վանահայր) - Թող վերականգնվի. աճեցե՛ք ու բազմացե՛ք:
Նախաձեռնությունը սկսել են երկուսով, այսօր արդեն մեծացող թիմ ունեն: Թռչնասեր ընկերների նախաձեռնութան մասին Անգլիայում ապրած Հակոբ Չատյանն իմացել է մեկ տարի առաջ՝ մեր ռեպորտաժից: Նման մտահղացում ինքն էլ է ունեցել. որոշել է՝ երբ վերադառնա հայրենիք, կաքավ ու փասիան է բուծելու և նվիրի բնությանը: Բայց երբ իմացել է, որ բնասեր ընկերներն արդեն գործն անում են, նրանց գտել է ու դարձել թիմի անդամ:
Հակոբ Չատյան (ինժեներ-մեխանիկ) - Իմ իղձը այդ մարդիկ կատարել են, ինձ մնում էր միայն միանալ, դառանք երեք հոգի, մեկ տարի չանցած՝ ես արեցի այդ:
Բնապահպանական այս նախաձեռնությանն են միացել Հայաստանում և սփյուռքում ապրող այլ արվեստագետներ ևս: Նրանց «Դիլիջան» ազգային պարկ էր բերել հետաքրքրությունը տաքուկ պայմաններում աճած թռչունների նկատմամբ, որոնք առաջին ինքնուրույն քայլերը պետք է անեին վայրի բնության մեջ:
Թռչնասեր ընկերների նպատակը բնությանը հասցրած վնասը փոքրիշատե վերականգնելն է: Պատրաստ են տարին մեկ անգամ նոր թռչուններ բաց թողնել վայրի միջավայր: Կարևորը, ասում են՝ բնության շնչառությունը բացելն է:
Ղազար Միրզոյան (Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ) - Բնությունն իրենը պետք է վերցնի, մի քանիսը կարող է գիշատիչները տանեն, բայց մի քանիսն էլ կմնան: Ամեն անգամ մի քանի հատ մնալով՝ թիվ կգոյանա, ու այստեղ գեղեցիկ միջավայր կլինի:
Հասմիկ Չատյան (ԱՄՆ բնակիչ) - Մենք միայն վերցնողի դերում ենք, բայց պետք է նաև վերադարձնենք:
Հայաստանում ամուսնացող ռուսաստանցի զույգը ևս միացավ նախաձեռնությանը. ի նշան խաղաղության ցանկացան ոչ թե աղավնի բաց թողնել երկինք, այլ ազատություն տալ վայրի թռչուններին: