Գավառի բժշկական կենտրոնը մարզային առողջապահությունը զարգացնելու և տեղում բնակիչների բուժսպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով գործակցում է մայրաքաղաքային առաջատար բժշկական հաստատությունների հետ:
Հերթական գործակցության պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր. Գավառի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնները վավերացրին գործընկերության փաստաթուղթը:
Առաջատար մասնագետների կենտրոնացումը մայրաքաղաքում հանգեցրել է բուժհաստատությունների գերծանրաբեռնվածության: Բժիշկների մարզային այցերը խնդիրը լուծելու և մարզային առողջապահության որակը բարելավելու տարբերակ են՝ համակարծիք են գործընկերները: Վստահ են՝ մարզեր պետք է գան, առաջին հերթին, այն բժիշկները, որոնք արմատներով այդտեղից են:
Համագործակցության շրջանակում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից և այլ բուժհաստատաություններից Գավառ ժամանած շուրջ 20 նեղ մասնագետներ բժշկական ծառայություններ մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամներին: Մասնագետների կարիքը բացահայտել էին նախապես կատարված բժշկական հետազոտությունների արդյունքում:
Բուժհետազոտություններն ու միջամտությունները զինվորների և նրանց ընտանիքների համար կատարվեցին անվճար: