Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողն առավոտյան տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ) - Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Արդեն Երևանում կատարվել են մի շարք հետազոտություններ՝ ռազմաբժշկական վարչության պետի ու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարի գլխավորությամբ: Նրանք խոսել են նաև զինծառայողի հարազատների հետ՝ ասել, վիճակը ծանր է, բայց կայուն: Բժիշկները հուսով են՝ առաջիկա օրերին Արման Աթեսյանի առողջական վիճակը կբարելավվի: Փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է:
Սահակ Օհանյան - Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:
Երեկ վիճակը Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում լարված էր: Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 23:00-ի սահմաններում էլ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով մեր օդային տարածք մուտք գործելու Ադրբեջանի փորձը: Այսօր, ըստ ՊՆ-ի՝ սահմանին հարաբերական կայուն վիճակ է:
Իսկ ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց:
Սահակ Օհանյան - Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է:
Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության փորձի համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան